Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են կառավարությունից։
Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։
Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 3-9-ը, հուղարկավորությունը՝ հուլիսի 9-ին։
Խամենեին սպանվել է ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ է դարձել նրա որդին՝ Մոջաթաբան։