azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքը՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կա՛մ գործարք կկնքի Թեհրանի հետ, կա՛մ «ավարտին կհասցնի գործը»՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին մեկնարկած ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումն Իրանի վրա։
«Կա՛մ գործարք ենք կնքելու, կա՛մ ավարտին ենք հասցնելու գործը․․․Գործն ավարտին հասցնելը դժվար չի լինի։ Ինձ համար ավելի լավ է գործարք կնքել, որովհետև չեմ ուզում 91 միլիոն մարդու վրա հետևանք թողնել», – Օվալաձև աշխատասենյակում զրուցելով լրագրողների հետ նախօրեին ասել է Թրամփը։
«Նրանց կամուրջները կարող ենք մեկ ժամում շարքից հանել, կարող ենք նրանց էներգետիկ պաշարները շարքից հանել․․․Նրանք հիմա գումար չունեն։ Նրանց մենք գումար չենք տվել», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
Թեհրանից ԱՄՆ նախագահի հայտարարությանը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն է արձագանքել՝ դա «պատրանքային» որակելով։
«Իրանցիներին անծանոթ է սպառնալիքների լեզուն, ուստի իրանցի ժողովրդի հետ խոսե՛ք հարգանքով, այլապես մենք այլ լեզվով կպատասխանենք», – զգուշացրել է Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։
Նախագահ Թրամփի հայտարարությունից ժամեր անց Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առնվազն երկու հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Միացյալ Թագավորությունից հաստատել են բրիտանական մեկ նավի թիրախավորման մասին՝ հավելելով, որ տուժածներ չկան։
60-օրյա հրադադարի ֆոնին՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախորդ շաբաթ կանգ են առել։