news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում մտադիր է քննարկել առևտրի և ռազմական համագործակցության հարցերը։ Նա նաև հայտնել է, որ պատրաստ է դիտարկել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումների վերսկսման հնարավորությունը, հաղորդում է NBC News-ը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը մտադի՞ր է Թուրքիային վաճառել F-35 ինքնաթիռներ, Թրամփը հիշեցրել է, որ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Անկարային դուրս էր բերել F-35 ծրագրից այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք էր բերել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ։
«F-35-ի հարցը որոշում է, որը մենք դեռ պետք է կայացնենք», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ «մեր հարաբերությունները շատ լավ են»։
«Այժմ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ ավելի լավ են, և շատ առումներով Թուրքիան շատ ավելի մեծ հավատարմություն է ցուցաբերել, քան որոշ այլ երկրներ, որոնցից մենք սպասում էինք այդպիսի հավատարմություն։ Այդ պատճառով սա մի բան է, որը մենք պատրաստ ենք դիտարկել», — հայտարարել է նա՝ նաև բարձր գնահատելով F-35 կործանիչները։
«Անկասկած, սա մի բան է, որը մենք կդիտարկենք», — հավելել է Թրամփը։