azatutyun.am Ռուսական ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների։ Պայթյուններ են լսվել Կիևում և Խարկովում, հայտնում են տեղական իշխանությունները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում երկու մարդ է տուժել, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Քաղաքում օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի օդուժը հայտնել է, որ հյուսիսից Կիևի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռ է արձակվել։
Կլիչկոյի տվյալներով՝ Դեսնյանսկի շրջանում հրթիռի հարվածից պահեստային տարածքներ են այրվել, իսկ Սվյատոշինսկի շրջանում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում։
Խարկովում, քաղաքապետ Իգոր Տերեխովի փոխանցմամբ, վնասվել է ավելի քան 20 առանձնատուն, եկեղեցու պատուհաններ, փողոցային լուսավորության ցանց և հինգ մեքենա։ Նախնական տվյալներով՝ քաղաքում ևս երկու մարդ է տուժել։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ գիշերային հարձակումը Կիևի, Խարկովի և երկրի կենտրոնական ու արևելյան այլ շրջանների ուղղությամբ շարունակվում է։