sport.mediamax.am Ֆրանսիայի ու Պարագվայի միջեւ կայացած հանդիպումը շատ քննարկվեց խաղացողների մեծ մասի ոչ ֆուտբոլային պահվածքի պատճառով։
Քննադատության թիրախում հայտնվեցին հատկապես Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստները։ Այս խաղի մասին խոսակցությունները թվում է արդեն մարել էին, բայց պարագվայցի քաղաքական գործիչ, սենատոր Սելեստե Ամարիլյան X-ի միկրոբլոգում սկսեց անպարկեշտ արտահայտություններ հղել Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեի հասցեին։
«Գաղութացված կամերունցի, ով ֆրանսիացի է ձեւանում, նեղացկոտ, նոր հարստացած, ամբարտավան եւ տգեղ։ Նա ամբողջ խաղի ընթացքում նյարդային եւ մահու չափ վախեցած էր, ինչպես իր ամբողջ թիմը։ Նրանք նույնիսկ գոլ չկարողացան խփել եւ հաղթեցին պատահականորեն։ Մեզանից շատերը միակ բանը, որ պահանջում էինք «La Albirroja»-ից (Պարագվայի հավաքականից, խմբ․), խաղի ավարտից հետո նրան ապտակելն էր»։
Մեկ այլ հրապարակման մեջ Մբապեի հասցեին գրել է հետեւյալը․ «Անխելք, ով գրել էլ չգիտի։ Մոր կաթի փոխարեն նա կոկոս էր ծծում, իսկ ամենակիրթ արարածները, որոնց երբեւէ լսել էր, շիմպանզեներն էին։ Դու պետք է նրան միջնամատ ցույց տայիր, Օռլանդո Խիլ (Պարագվայի դարպասապահ, խմբ․)․ ես դա անում եմ Սենատում եւ ոչինչ չի պատահում»։
Կիլիան Մբապեն X-ի իր հարթակում պատասխանել է սենատորին՝ նրան անվանելով «իր պաշտոնին անարժան կին»։
«Դուք նողկալի կին եք, անարժան ձեր պաշտոնին։ Դուք չեք ներկայացնում Պարագվայը, այն երկիրը, որը ողջ մրցաշարի ընթացքում պայքարել է կրքով եւ պատվով։ Ձեր անզգուշության եւ անամոթ ռասիզմի պատճառով աշխարհն արդեն մոռացել է այն ընթացքն ու ջանքերը, որոնք ձեր ֆուտբոլիստներն անցել են այս Աշխարհի առաջնության ժամանակ՝ առաջ թողնելով մի կնոջ, որն իր երկրի մասին ստեղծում է ամենավատ պատկերը։ Ես երբեք թույլ չեմ տա նրա նմաններին ազատորեն տարածել ատելություն ու ռասիզմ ամբողջ աշխարհում»,- գրել է Մբապեն։
Մբապեին պաշտպանել են Ֆրանսիայի սպորտի նախարարից մինչեւ նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ամարիլյայի խոսքերն անվանել է ռասիստական, նողկալի եւ անընդունելի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում