Ուկրաինան հարվածել է ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին, ռազմական օդանավակայանին և լցանավերին | azatutyun.am

Ուկրաինան հարվածել է ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին, ռազմական օդանավակայանին և լցանավերին | azatutyun.am

azatutyun.am Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի տարածքում գտնվող նավթային ենթակառուցվածքների և ռազմական նշանակության օբյեկտներին։

Սարատովում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում։ Մարզպետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ զոհվել է մեկ մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։ Նրա խոսքով՝ վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Մոնիթորինգային տելեգրամյան ալիքների պնդմամբ՝ հարձակման թիրախը եղել է «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանը։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքների և ASTRA-ի տվյալներով՝ Նիժնեկամսկում հարվածել են «ՏԱԻՖ-ՆԿ» և «Տանեկո» նավթավերամշակման ձեռնարկություններին։ Ականատեսները հրապարակել են հրդեհի լուսանկարներ և տեսանյութեր։ Տեղական իշխանությունները հաստատել են ԱԹՍ-ների հարձակման փաստը։

ASTRA-ի տվյալներով՝ Վորոնեժի մարզում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Բորիսոգլեբսկ» ռազմական օդանավակայանի տարածքում։ Ուկրաինական Supernova+ Telegram-ալիքը պնդում է, որ ԱԹՍ-ները հարձակվել են նաև մոտակայքում գտնվող նավթաբազայի վրա։

Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով վնասվել են երկու դատարկ լցանավեր, որոնք ուղևորվում էին դեպի Ռոստով-Դոն։

Առավոտյան տելեգրամյան ալիքները տեղեկություններ են տարածել նաև Ուֆայի վրա անօդաչու սարքերի հարձակման մասին։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է նավթավերամշակման ձեռնարկություններից մեկի տարածքում ծուխ բարձրանում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ուկրաինական 415 ԱԹՍ։ Թե դրանցից քանիսն են հասել իրենց նշանակետերին՝ գերատեսչությունից չեն հայտնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն