100 հազար ընտրողների ժամանման սպասելիքն ու իրականությունը. ինչ է ասում վիճակագրությունը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից դեռևս ամիսներ առաջ հայաստանյան մեդիատիրույթում շրջանառվում էին լուրեր, որ ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից Հայաստան է պատրաստվում գալ 100 000 ՀՀ քաղաքացի՝ Մոսկվայի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար։ «Ինֆոքոմը» փորձել է պարզել՝ արդյոք այդ պնդումները ի վերջո իրականություն դարձե՞լ են, թե՞ ոչ, և թե ինչ է ցույց տալիս վիճակագրությունը։

Հունիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների հենց հաջորդ օրը, Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում երկիրը լքելիս ձերբակալվել է Հովհաննես Սահակյանը։ Նա սոցցանցերում տարածված տեսանյութով հայտնի դարձած այն մարդն էր, որը, ի պատասխան «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հարցին, ասել էր, թե Հայաստան է եկել ընտանիքով ընտրություններին մասնակցելու համար ու նույն օրն էլ հետ է գնալու․ «Կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»,- ասել էր քաղաքացին։ 

ՔԿ-ն քրեական վարույթ նախաձեռնեց Քրեական օրենսգրքի՝ «հանցագործության մասին չհայտնելը» հոդվածով՝ մեկնաբանելով, թե Սահակյանը հաստատապես տեղյակ է եղել նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Սահակյանի ձերբակալությունն արժանացել էր ընդդիմադիր շրջանակների քննադատություններին։

ՌԴ-ից միայն ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հազարավոր քաղաքացիների թեման քննարկման առարկա է նաև այսօր։ Հուլիսի 3 -ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը, որով ՔՊ խմբակցության պատգամավորներն առաջարկում էին ընտրելու իրավունք ընձեռել միայն այն քաղաքացիներին, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ  դրան նախորդող 2 տարվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են 1 տարուց ավելի:

Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես ակնարկել էր «դրսից մարդ բերելու» մասին՝ նշելով․ «Մենք կարող ա ինչ-որ շատ կարևոր որոշում ունենանք կայացնելու, իքս երկրի բնակչությանն ասեն՝ դուք ստեղ էլ բիզնես չեք ունենա կամ ձեզ կարտաքսենք, դուք պետք ա գնաք քվեարկեք այո-ի կամ ոչ-ի օգտին։ Մեր երկիրը մատա՞ղ անենք իքս երկրում բնակվող 2 կամ 1 միլիոն մարդու, հա՞։ Մենք էլ ընկնենք փողոցներն, ասենք՝ ժողովուրդ, հեսա դրսից գալու են քվեարկեն, գնացեք ընտրության, որովհետև ընդեղից 200 հազար կամ 300 հազար մարդ բերելու են, որովհետև նրանց վատ իրավիճակի մեջ են դնում, ստիպված գալու են քվեարկեն»,- ասաց Սիմոնյանը։

Ովքեր առաջինը խոսեցին Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների ուղղորդված տեղափոխման մասին

Մարտի 10-ին Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն տարածեց այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Ծառայությունը սակայն չէր նշել, թե խոսքը որ երկրի մասին է։

Ըստ ԱՀԾ տվյալների՝ տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ ճնշումներ էին կիրառվում՝ մղելով աջակցել Հայաստանում սպասվող ընտրություններին մասնակցող քաղաքական որոշ ուժերի։

Հայտարարությունից օրեր առաջ՝ մարտի 7-ին, Ռուսաստանից հայեր բերելու մասին խոսակցություններին անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցի ընթացքում․ երբ տեղեկացել էր, որ իրեն մոտեցած կինը Մոսկվայից է, հարցրել էր՝ եկել է, որ իր դե՞մ քվեարկի, քանի որ նման խոսակցություններ կան։

Դրանից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ իրենք տեղյակ են, որ ФСБ-ն փորձ է անում մի քանի տասնյակ հազար ընտրողներ բերել Հայաստան, և քանի որ այդ քանակով մարդիկ կարճ ժամանակահատվածում չեն կարող հատել թե՛ օդային և թե՛ ցամաքային սահմանը, ապա այդ ամենը պետք է կազմակերպվի երկուսից երեք շաբաթների ընթացքում։

Իոանիսյանը նշել էր, որ խոսքը շուրջ 80 000 մարդու մասին է, և իրենք ունեն փաստական տվյալներ, սակայն ուզում են, որ դրանք հրապարակելու պահին երկաթբետոնյա ապացույցներ ունենալ։ 

Մայիսի 29-ին միջազգային «Ռոյթերս» պարբերականը հրապարակեց հոդված, որտեղ նշում էր, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ տարվա հոկտեմբերին Կրեմլում ստեղծվել է «Ռազմավարական համագործակցության և գործընկերության վարչություն», որի նպատակն է ազդել Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա։ «Ռոյթերսի» այս հրապարակումը շրջանառվեց նաև հայկական մեդիատիրույթում։

Հենց այս հոդվածում էր հիշատակվում 100 հազար քաղաքացիների մասին, և, ըստ պնդման, նրանց ծախսերը կազմելու էին 50 միլիոն դոլար։ Հոդվածի աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի կեսին Կրեմլը հաստատել էր տարբեր շրջաններից Հայաստան ուղարկվողների ցանկը և վարչակազմերին խնդրել զեկուցել ընթացքի մասին։ Լրատվամիջոցն ինքը նշում էր, որ չի կարողացել պարզել պնդման իսկությունը։

Ավելի ուշ հայկական «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել էր Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա՝ պարզել էր, որ ՌԴ-ում իսկապես ընթանում է հայերի հավաքագրման գործընթաց։ Այս հոդվածում Հայաստան ժամանել պատրաստվող անձանց թիվ չէր նշվում։

Ընտրությունների համար հազարավոր հայերի Հայաստան ուղարկելու մասին պնդումը որպես արդեն եղելություն Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճի ժամանակ ներկայացրել էր նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

Իրականում քանի մարդ է Ռուսաստանից եկել Հայաստան

Հասկանալու համար, թե իրականում քանի մարդ է Ռուսաստանից Հայաստան եկել ընտրություններին նախորդող մի քանի շաբաթների ընթացքում, «Ինֆոքոմը» գրավոր հարցումներ էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել վերջին 5 տարում մայիսի 1-ից մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ժամանած մարդկանց թիվը։ Ընդ որում, խնդրել էինք առանձին նշել, թե նրանցից քանիսն է եղել ՀՀ, քանիսը՝ ՌԴ և քանիսը երկքաղաքացի։

Այսպիսով, ըստ ԱԱԾ-ից ստացած տվյալների, 2026 թվականի մայիսի 1-ից մինչև հունիսի 7-ը ցամաքային և օդային սահմաններով ՌԴ-ից Հայաստան է մուտք գործել 172 035 մարդ, որից ՀՀ անձնագրով է եկել 33 168-ը։ Համեմատության համար՝ 2025-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 29 810։ Այսինքն այս տարի Ռուսաստանից  ՀՀ անձնագրով Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը ավելի է եղել ընդամենը 3 358-ով։ 

Նույն ժամանակահատվածում ՌԴ անձնագրով Հայաստան է եկել 131 681 քաղաքացի, իսկ նախորդ տարի այդ թիվը եղել է 103 385։ Այսինքն, այս տարի ՌԴ անձնագրով Հայաստան ժամանածների թիվն ավելի է եղել 28 296-ով։ Թեև մեր ձեռքի տակ են այս և նախորդ տարիներին Ռուսաստանից Հայաստան ժամանած անձանց տվյալները, սակայն չենք կարող ստույգ իմանալ՝ նրանցից քանիսն է միաժամանակ եղել և’ Հայաստանի քաղաքացի, և’ Ռուսաստանի, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն երկքաղաքացիության վիճակագրություն չի վարում, և գրանցում է միայն անձը հաստատող այն փաստաթղթի տվյալը, որը ներկայացնում է քաղաքացին։

Միաժամանակ, հենց այս տվյալի բացակայությունն է, որ թույլ չի տալիս բացառել, որ ՌԴ անձնագրով ՀՀ ժամանած քաղաքացիների ինչ-որ մաս ունեցել է նաև Հայաստանի քաղաքացիություն։ 

100 հազար ընտրողների ժամանման սպասելիքն ու իրականությունը․ ինչ է ասում վիճակագրությունը

Ստացվում է, որ այս տարի Ռուսաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվն էապես չի տարբերվում նախորդ տարիների ժամանումների թվից, բայց միաժամանակ զգալի տարբերություն կա Ռուսաստանի անձնագրով ժամանածների թվում՝ ավելի քան 28 հազար։ Եթե ելնենք այն կանխավարկածից, որ ՌԴ անձնագրով Հայաստան ժամանած այս մարդիկ ունեցել են նաև Հայաստանի քաղաքացիություն, կարող է առաջանալ օբյեկտիվ կասկած, որ նրանք կարող էին մասնակցել ընտրություններին՝ ներկայացնելով իրենց երկրորդ՝ ՀՀ անձնագիրը։ 

Սակայն այս թիվն ինքնին չի կարող հաստատել այն պնդումը, որ նրանք հենց ընտրություններին մասնակցելու նպատակով են ժամանել Հայաստան։ Այդ հանգամանքը որոշ չափով պարզելու միակ եղանակը կլիներ տարբեր տվյալների համադրությունը, օրինակ՝ նույնականացնել բոլոր այդ մարդկանց՝ տեսնելու՝ արդյոք նրանք վերջին տարիներին եկե՞լ են Հայաստան, ե՞րբ են լքել երկիրը և արդյոք այս տարի մասնակցե՞լ են ընտրություններին։ Սակայն նման տվյալներ առկա չեն։

Առկա տվյալների համեմատությամբ, ինչպես նշեցինք, ակնհայտ է դառնում, որ վերջին տարիներին նշված ժամանակահատվածում Ռուսաստանից ՀՀ անձնագրով Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը էականորեն չի փոխվել։ Եվ եթե նույնիսկ ենթադրենք, որ այս տարի նախորդի նկատմամբ 28 296-ով ավելի եկած ՌԴ բոլոր քաղաքացիները ունեցել են նաև ՀՀ քաղաքացիություն, ապա ստացվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստան է եկել 31 654-ով ավելի մարդ՝ այդ թվում ՀՀ անձնագրով ժամանածները։ Հետևաբար, ընտրություններին մասնակցության նպատակով 80 000 – 100 000 մարդու Հայաստան տեղափոխելու գործընթացը, առնվազն թվաքանակի առումով, իրականություն չի դարձել։ Միաժամանակ, այս տվյալները չեն հերքում նաև պնդումները, որ հնարավոր է՝ նման գործընթաց նախապատրաստվել է։

Ահազանգողները չնայած հազարավոր ժամանումների մասին փաստական տվյալներ չունեին, այդուհանդերձ խոսվում էր նաև սպասվող երևույթին հակազդելու քայլերի մասին։

Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հունիս 3-ին ֆեյսբուքյան իր էջում հոլովակ հրապարակեց՝ ասելով, որ Ռուսաստանից ընտակաշառքով ժամանած հայերը ներգրավվելու են պարտադիր վարժական հավաքներին, քանի որ եթե ընտրելու իրավունք ունեն, ապա պարտականություններ ևս ունեն։ Այս հայտարարությունը այնուհետև հրապարակվեց Չախոյանին փոխկապակցված medianews.site կայքում, ինչպես նաև որպես գովազդ շրջանառվեց «Ֆեյսբուքում»։

100 հազար ընտրողների ժամանման սպասելիքն ու իրականությունը․ ինչ է ասում վիճակագրությունը

Քաղաքացիական պայմանագրին պատկանող Civic.am-ը այնուհետև կադրեր հրապարակեց «Զվարթնոց» օդանավակայանից՝ գրելով որ ՌԴ-ից ժամանողներին 25-օրյա հավաքների ծանուցագրեր են հանձնվում։ ՊՆ նախարարը, սակայն, հերքեց, որ նման բան հնարավոր է՝ նշելով, թե ծանուցման համար կա հստակ կարգ, հետևաբար օդանավակայանում դա իրականացնել հնարավոր չէ։ 

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նախազգուշական տեսուղերձ էր հրապարակել՝ ասելով, որ իրենք քաջատեղյակ են ընտարկաշառք վերցրած և այդ օրերին Հայաստան եկողների մասին, և ավելացրել էր, որ բոլորին պատասխանատվության են ենթարկելու։ 

Իսկ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՌԴ-ից եկողներին վարժական հավաքներում ներգրավելու մասին հայտարարությունը համարել էր հոգեբանական տեռորի ձև։ Պատգամավորը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ դրա ամբողջ նպատակը մարդկանց հասկացնելն է, որ ով եկավ Հայաստան, միանգամից ուղարկվելու է հավաքների։

Այսպիսով, չնայած ընտրությունների վրա ազդելու համար ՌԴ-ից Հայաստանի քաղաքացիների տեղափոխման մասին տարբեր կողմերից եկող պնդումներին, փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ իրականում նման ծավալի իրադարձություն տեղի չի ունեցել, սակայն նկատվում է ՌԴ անձնագրով Հայաստան ժամանած անձանց թվի որոշակի աճ։ Բայց քանի որ հնարավոր չէ իմանալ՝ մոտ 30 հազար այդ անձինք եղել են նաև ՀՀ քաղաքացի, թե ոչ, հնարավոր չէ նաև պնդել, որ նրանք ժամանել են ընտրություններին մասնակցելու համար։ Հետևաբար ՌԴ-ում բնակվող ու ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան եկածների  թվի վերաբերյալ հայտարարությունները, եթե նույնիսկ օբյեկտիվ կասկածի հիման վրա են, այդուհանդերձ չափազանցված են։