armenpress.am Հայաստանը հուլիսի 8-ին դեռևս կգտնվի Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության մի շարք շրջաններում կշարունակվեն ամպրոպային անձրևները, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Սակայն հուլիսի 9-10-ին եղանակային պայմանները կփոխվեն, և օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։
Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հուլիսի 8-ին հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Միաժամանակ կշարունակվի հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կմնա կլիմայական նորմայից ցածր։
Հուլիսի 9-10-ին Հայաստանի տարածք հարավից կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ի համեմատ կբարձրանա 6-8 աստիճանով»,– նշել է Սուրենյանը։
Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատյան դաշտում և Երևանում, որտեղ հուլիսի 10-11-ին օդը կտաքանա մինչև 36-37 աստիճան։
Հուլիսի 9-14-ը հանրապետությունում կգերակշռի առանց տեղումների եղանակը։ Բացառություն կկազմեն Շիրակի, Լոռու և Տավուշի առանձին շրջանները, որտեղ երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև ամպրոպային անձրևներ։