Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց հրավեր՝ ուղղված Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային շենքում գործող՝ Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տարածքների ընդլայնման և զարգացման ճարտարապետական նախագծի գաղափարների ու հայեցակարգային առաջարկների հավաքագրմանը։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կարող են դիմել՝
- ճարտարապետական կազմակերպություններ,
- քաղաքաշինարարներ,
- կառուցվածքային և ինժեներական նախագծողներ,
- թանգարանային և ցուցադրական տարածքների նախագծման մասնագետներ,
- պատմամշակութային ժառանգության պահպանության մասնագետներ,
- լանդշաֆտային ճարտարապետներ,
- ինտերիերի և ցուցադրության դիզայներներ,
- արվեստագետներ,
- թանգարանագետներ և մշակութային կառավարման մասնագետներ,
- հնագետներ և հետազոտական հաստատություններ, միջգիտակարգային խմբեր։
Խրախուսվում է տարբեր ոլորտների մասնագետների համատեղ մասնակցությունը։ Թիմում ցանկալի է ունենալ առնվազն ճարտարապետության, ինժեներական նախագծման, ժառանգության պահպանության և թանգարանային գործունեության փորձառություն ունեցող մասնագետներ։
Հայտը պետք է ներառի՝
- ճարտարապետական նախագծի հայեցակարգի համառոտ նկարագրություն՝ առավելագույնը 3–5 էջ,
- գաղափարի հիմնավորում և հիմնական նպատակների ներկայացում,
- ընդհանուր տարածական սխեմա կամ գլխավոր հատակագծային մոտեցում,
- վերգետնյա և ստորգետնյա տարածքների կապի սխեմա,
- հիմնական և լրացուցիչ մուտքերի ու ելքերի տեղադիրքի և կազմակերպման առաջարկ,
- առաջարկվող գործառույթների և տարածքների նախնական ցանկ,
- այցելուների, աշխատակիցների, ցուցանմուշների և տեխնիկական սպասարկման հոսքերի սխեմաներ,
- վերգետնյա հնարավոր միջամտությունների՝ հրապարակի քաղաքային և ճարտարապետական միջավայրի վրա ազդեցության ներկայացում,
- տեսողական նյութեր՝ էսքիզներ, հատակագծեր, կտրվածքներ, դիագրամներ, կոլաժներ կամ եռաչափ պատկերներ,
- իրականացման փուլերի նախնական մոտեցում,
- տեխնիկական իրագործելիության համառոտ հիմնավորում,
- հեղինակի կամ թիմի կազմը, ինքնակենսագրականները և համապատասխան փորձի նկարագրությունը։
Առաջարկները պետք է ներկայացնել հայերեն կամ անգլերեն՝ մեկ միասնական PDF փաստաթղթով։
- Փաստաթղթի առավելագույն ծավալը՝ 20 էջ
- Ֆայլի առավելագույն չափը՝ 25 ՄԲ
Առաջարկները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվելու են պետական և համայնքային մարմինների ներկայացուցիչներ, թանգարանների ղեկավարներ, ճարտարապետներ և քաղաքաշինարարներ, ոլորտային մասնագետներ։
Հայտերի ընդունումը՝ 2026 թվականի հուլիսի 10-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ։
Հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել մասնակցի կամ թիմի կոնտակտային տվյալները՝
- անուն, ազգանուն,
- կազմակերպություն,
- հեռախոսահամար,
- էլեկտրոնային հասցե։
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հանրապետության հրապարակի թանգարանային համալիրի ընդլայնման հայեցակարգ»։