Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Դիլիջան համայնքի, Արթուր Արշակյանի, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 29/24 հասցեում գտնվող՝ 0,8 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու, Արթուր Արշակյանի և Արամ Հարությունյանի միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, այդ թվում՝ Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետությունից Դիլիջան համայնքին 0.8 հա մակերեսով հողատարածքը վերադարձնելու պահանջների մասին:
«Միաժամանակ կիրառվել է հայցի ապահովման միջոց և պատասխանող Արամ Հարությունյանին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված հողամասի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության»,– հայտնում են Դատախազությունից։
Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 0,8 հա մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների» հողերի «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հող է, որը չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց: