azatutyun.am Կրեմլն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Անկարային պատկանող ռուսական S-400 հրթիռային համակարգերի հարցով:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ թուրքական լրատվականներից մեկը հայտնեց, որ Թուրքիան պատրաստվում է հակաօդային պաշտպանության հրթիռներ փոխանցել Պարսից ծոցի երկրներից մեկին (անունը չի նշվում):
Թուրքական Hurriyet լրատվական կայքն այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ Թուրքիան կարող է հայտարարել, որ պատրաստվում է վերավաճառել S-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին՝ այդ քայլով փորձելով համոզել Միացյալ Նահանգներին վերացնել Անկարայի նկատմամբ պատժամիջոցները։
2020 թվականին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ՝ S-400 համակարգերը գնելու համար, և հեռացրեց նրան F-35 կործանիչների ձեռքբերման և արտադրության ծրագրից, որին Անկարան ցանկանում էր մասնակցել։
Հարցին, թե արդյոք Թուրքիան Ռուսաստանից թույլտվություն է խնդրել ենթադրյալ գործարքը շարունակելու համար, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Կարող եմ մի բան ասել․ սա չափազանց զգայուն հարց է։ Սակայն մենք այս հարցի շուրջ կապի մեջ ենք եղել թուրքական կողմի հետ և այս թեմայով շարունակելու ենք նրանց հետ պահել կապը»։