Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդել Ազիզ Կոնսովայի հետ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների միջև կրթական կապերի ընդլայնումն ու փորձի փոխանակումը։
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նշելով, որ առանձնակի կարևորություն է տրվում միջազգային գործընկերների ընդգրկմանը։
Քննարկվել է մշակման փուլում գտնվող Հայաստան-Եգիպտոս ոլորտային համագործակցության ծրագիրը: Անդրադարձ է կատարվել նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության և ավարտական կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը:
Կողմերը հետաքրքրություն են հայտնել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, գիտական դրամաշնորհների համաֆինանսավորման, ինչպես նաև երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: