ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Քուն Չենի հետ։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
Շնորհավորելով Քուն Չենին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու առաքելության իրականացման գործում և շնորհակալություն հայտնել հանդիպման հնարավորության համար։
Նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության ոլորտում ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ՝ ի նպաստ կրթության որակի, ներառականության և նորարարության։
Ներկայացնելով Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտին՝ նշելով, որ փոփոխությունները միտված են բարձրագույն կրթության և գիտության առավել սերտ ինտեգրմանը, համալսարաններում գիտահետազոտական գործունեության զարգացմանը և ոլորտների միջև կայուն համագործակցության ձևավորմանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող համակարգային բարեփոխումները՝ ընդգծելով դրանց կարևորությունը կրթության և գիտության մրցունակության բարձրացման տեսանկյունից։