Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցեր | armenpress.am

Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցեր

Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարար Էրլինդ Սուլոյի հետ։

Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի ոլորտին։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջնահերթությունները ատոմային, հիդրո, արևային և հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով էներգետիկ անվտանգության կարևորությունը երկրի ազգային անվտանգության համակարգում։ Դեսպանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև փոխադարձ այցելություններ և քննարկել էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերություններին իրավապայմանագրային բնույթ հաղորդելու հնարավորությունը։

Փոխնախարար Սուլոն բարձր է գնահատել համագործակցության առկա ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով խթանել երկու երկրների միջև գործնական համագործակցությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նաև հետքրքրություն է արտահայտել Հայաստան այցելելու և գործընկերություն ձևավորելու հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն