Քննարկվել է երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը | 1lurer.am

Քննարկվել է երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով արդյունավետ և թիրախավորված պետական երիտասարդական քաղաքականության իրականացումը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնել է Երիտասարդության ազգային ինդեքսի մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այսօր տեղի է ունեցել Երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի վավերացման աշխատաժողովը, որին ներկա է եղել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:  Բացման խոսքով  հանդես են եկել նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Բարֆյանը, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Երիտասարդության ազգային ինդեքսը մշակվում է կառավարության կողմից որդեգրված տվյալահեն ու փաստահեն քաղաքականություններ վարելու տրամաբանությանը համահունչ, որի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է ոլորտային հետազոտություններ կրթության ոլորտում մասնավորապես միանում է գիտելիքի ստուգման միջազգային նոր ստուգատեսերի, իրականացնում է նաև տարբեր հետազոտություններ մշակույթի և սպորտի ոլորտում։

«Երիտասարդական ինդեքս ունենալու գաղափարի հիմքում հետևյալ ռազմավարական մոտեցումն է մենք պետք է ունենանք համապարփակ և փոխկապակցված տվյալներ, որոնք կամփոփեն առկա իրավիճակը և այդ իրավիճակի վերաբերյալ հանրային ընկալումները, որոնք հնարավոր կլինեն չափել ժամանակի մեջ։

Երիտասարդական ինդեքսը հնարավորություն կընձեռի լիազոր մարմնին և երիտասարդական քաղաքականության ոլորտում դերակատարում ունեցող մյուս պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վարելու արդյունավետ քաղաքականություն, իսկ քաղաքացիական հասարակությանը, միջազգային կազմակերպություններին և ոլորտի այլ շահակիցներին՝ ճիշտ ուղղորդվելու և իրականացնելու երիտասարդների խնդիրների հասցեագրմանն ու հետաքրքրությունների բավարարմանը միտված արդյունավետ ծրագրեր»,- նշել է նախարարի տեղակալը։   

Երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի վավերացման աշխատաժողովը համախմբել է դաշտի բոլոր կարևոր դերակատարներին՝ մարզերի երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներին, երիտասարդական քաղաքականության ոլորտում ներգրավված քաղաքացիական հասարակության ակտիվ կառույցներին, պետական կառավարման համակարգին և միջազգային գործընկերներին։ 

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակին ինդեքսի մշակման շրջանակում ակտիվ համագործակցության համար և կարևորել ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնի ներգրավումն ինդեքսի մշակման մեջ՝ վերջինիս դերակատարումը կարևորելով հետազոտական աշխատանքներ իրականացնելու ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից։

Նախարարի տեղակալը կարևորել է մեթոդաբանության վավերացման աշխատաժողովի անցկացումը՝ որպես հնարավորություն համախմբելու շահագրգիռ կողմերին՝ քննարկելու առաջարկվող շրջանակի տեխնիկական հիմնավորվածությունը, համապատասխանությունը և գործնական կիրառելիությունը։

Նրա նշմամբ՝ Երիտասարդության ազգային ինդեքսը կարևոր նշանակություն ունի ոլորտում փաստահեն տվյալների վրա հիմնված քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման, ինչպես նաև երիտասարդների բարեկեցության ու զարգացման արդյունքների մշտադիտարկման և բարելավման գործընթացում։ Երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը մշակվել է փորձագիտական քննարկումների արդյունքում այն ներառում է  8 թեմատիկ ուղղություններ և շուրջ 60 նախնական ցուցիչների սահմանում: Առաջարկվող ցուցիչներն արտացոլում են երիտասարդների կյանքի վրա ազդեցություն ունեցող հիմնական չափումները և հիմնված են ազգային ու միջազգային առկա մեթոդաբանությունների, քաղաքականությունների առաջնահերթությունների և տվյալների աղբյուրների վրա։

«Անհրաժեշտ է, որ երիտասարդների կարևոր խնդիրներն անպայման արտացոլվեն ազգային ինդեքսում՝ որպես բովանդակային շրջանակի անհրաժեշտ բաղադրիչներ։ Բացի փաստերի արձանագրումից՝ բաղադրիչներում պետք է արտացոլվեն նաև երիտասարդների ըմբռնումները, մոտեցումները՝ ամբողջական պատկեր ունենալու նպատակով, ինչը կարևոր  նախադրյալ է արդյունավետ քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից»,- ասել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ երիտասարդության ինդեքսը  միջոլորտային խնդիրների և տվյալների համախումբ է և հավասարապես կարող է արտացոլվել կրթության,  մշակույթի, սպորտի, սոցիալական ձեռներեցության և մի շարք այլ ոլորտներում։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է Երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը, քննարկվել են առաջարկվող ուղղությունները և ցուցիչները՝ վերհանելով հնարավոր բացերը, կրկնությունները՝ մատնանշելով բարելավման հնարավորությունները։ Քննարկման արդյունքում հավաքագրվել են մասնակիցների առաջարկություններ՝ շրջանակի բարելավման և վերջնականացման նպատակով։

Աշխատաժողովն անցկացվել է ինտերակտիվ քննարկման ձևաչափով՝ «World Café» մոտեցմամբ՝ պետական կառույցների, գիտակրթական ոլորտի, փորձագիտական համայնքի, միջազգային գործընկերների, երիտասարդական կազմակերպությունների շուրջ 30 ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն