Հայկական ակադեմիական սփյուռքը. Scopus-ում հրապարակումների վերլուծություն՝ հիմնված հայկական ազգանունների վրա

23 767․ սա հայկական ազգանուն ունեցող բոլոր այն հետազոտողների թիվն է, որոնք 1901-ից 2026 թվականների ընթացքում առնվազն մեկ հրապարակում են ունեցել Scopus-ում։ Այս հետազոտողներց  21 672-ը կամ 92%-ը աֆիլացված է բացառապես օտարերկրյա հետազոտական կառույցների հետ․ նրանց կարելի է համարել հայկական գիտական սփյուռքի մի մաս։

«Ինֆոքոմը» վերլուծել է աշխարհի խոշորագույն ակադեմիական շտեմարաններից մեկի՝ Scopus-ի տվյալները՝ հասկանալու համար հայկական սփյուռքի ակադեմիական ներուժը, ինչպես նաև Հայաստանի հետ աֆիլացված և օտարկերկրյա հաստատությունների հետ աֆիլազված ու հայկական ծագում ունեցող հետազոտողների միջև գոյություն ունեցող և հնարավոր համագործակցությունները։

Սքրոլեք՝ հավաքագրված տվյալներին և վերլուծության արդյունքներին ծանոթանալու համար։

Տվյալների հավաքագրումը

Գիտական աշխարհն ու գիտական արդյունքներն արդեն վաղուց են վերլուծվում ազգային պետությունների սահմաններից դուրս և տարբեր մակարդակներում։ Գիտությունը հիմնարար կերպով դարձել է գլոբալ․ պետությունների և հետազոտական կառույցների միջև համագործակցությունները լայն տարածում ունեն, իսկ գիտելիքի, ինֆորմացիայի և փոխգործակցության հոսքերը պարբերաբար հատում են պետական սահմանները։

Հայաստանի դեպքում գիտության գլոբալ բնույթն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով պատմական մեծ սփյուռքի գոյությունը։ Հայաստանի ակադեմիական մեծ սփյուռքը ձևավորվել է կայսրությունների ստեղծման և փլուզման, պատերազմների, ցեղասպանության, ինչպես նաև վերջին 30 տարիների միգրացիոն գործընթացների հետևանքով։

Մենք նպատակն էր ուսումնասիրել այս սփյուռքի կառուցվածքն ու դրա կապը հայկական գիտական կառույներում իրականացվող հետազոտությունների հետ։ Սկզբում մենք կազմել ենք հայկական ժամանակակից և պատմական ազգանունների ցանկ` հիմնվելով armeniapedia.org հարթակի տվյալների վրա, և Scopus շտեմարանից առանձնացրել ենք բոլոր այն հրապարակումները, որոնք ունեն այդ ազգանուններով հեղինակներ/համահեղինակներ (տե՛ս «Մեթոդաբանություն» բաժինը)։

Իհարկե, ներկայումս հայկական ազգանուն ունենալը պարտադիր կերպով չի ենթադրում հայկական ինքնության պահպանում՝ անկախ նրանից, թե ինչպես է այդ ինքնությունը սահմանվում։ Պարտադիր չէ նաև, որ այն ենթադրի հայերենի իմացություն կամ հայկական մշակույթի հետ որևէ կապի առկայություն։ Այնուամենայնիվ, չնայած այս սահմանափակումներին, մենք արժեքավոր ենք համարել վիզուալ ներկայացնել հայկական ակադեմիական սփյուռքը, ինչպես նաև ուսումնասիրել առկա և հնարավոր համագործակցությունները Հայաստանի հետազոտական կառույցների ու արտերկրի այն կառույցների միջև, որտեղ գործունեություն են ծավալում հայկական ազգանուններով գիտնականներ։

Մեր հաջորդ քայլն էր ուսումնասիրել, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել այն երկրների «դիրքը», որոնց հետ աֆիլացվող և հայկական ազգանուն ունեցող գիտնականները հրապարակումներ են ունեցել։ Մենք հաշվարկել ենք Scopus-ում ինդեքսավորված ամբողջ ժամանակահատվածում յուրաքանչյուր երկրի հետ աֆիլացվող հրապարակումների թիվը։ Մեր տվյալների շտեմարանն ընդգրկում է 125 տարի, և մեր չափանիշներին համապատասխանող ամենավաղ հրապարակումը Scopus-ում ինդեքսավորվել է 1901 թվականին։ Հայկական ազգանուններով հետազոտողների հետ աֆիլացվող երկրների փոփոխվող բաշխումը կարող եք տեսնել ստորև ներկայացված ինտերակտիվ վիզուալում։

Ինչպե՞ս են զարգացել Հայաստանի հետ կապվող հետազոտությունները

125 տարին՝ Scopus-ի դիտանկյունից

Հատկանշական է, որ մոտավորապես 1913 թվականից սկսած՝ Միացյալ Նահանգները դարձել է հայկական ակադեմիական սփյուռքի հետ աֆիլացվող հրապարակումների թվով առաջատար երկիրը։ Սա, ամենայն հավանականությամբ, արտացոլում է Հայոց ցեղասպանությանը հաջորդած միգրացիոն գործընթացները, ինչպես նաև Միացյալ Նահանգներում առկա գիտական և կրթական հնարավորությունները։

Արդյունքում Միացյալ Նահանգները դարձել է հայկական ակադեմիական սփյուռքի գլխավոր կենտրոն։ Երկրների միջև այս «մրցավազքն» ինքնին խոսուն է, սակայն վերջին երկու տարվա ակադեմիական արդյունքի դիտարկումը ցույց է տալիս, որ առաջատար երկրներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը․ այս երկրներն, ի դեպ, առաջ են ընկնում Հայաստանից։ Իսկ 2026 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանից առաջ է ընկնում միայն ԱՄՆ-ն։ Հայաստանը ևս առաջատար երկրների շարքում է․ 1960-ականների վերջից երկիրը դարձել է անկախ ակադեմիական «խաղացող»։

Երկրների այսպիսի բաշխվածությունն արտացոլում է հայկական սփյուռքի ավելի լայն կառուցվածքը, պատմական միգրացիոն օրինաչափությունները, կայսերական ժառանգությունը (անցյալում Խորհրդային Միության, Օսմանյան կայսրության և Պարսկաստանի կազմում գտնվելու հանգամանքը), ինչպես նաև ժամանակակից աշխարհաքաղաքական պատկերը։

Նախքան հայկական հետազոտական կառույցների հետ աֆիլացված գիտնականների և սփյուռքի՝ հայկական ծագմամբ գիտնականների միջև առկա համագործակցությունները գնահատելը՝ մենք ուսումնասիրել ենք հայկական ակադեմիական սփյուռքի ընդհանուր գիտական ներուժը․ ո՞ր երկրներն ու հետազոտական կառույցներն են առաջատար հրապարակումների թվով։

Այս հարցի պատասխանը գտնելու նպատակով ընտրել ենք բոլոր այն հրապարակումները, որոնց շրջանակում Հայաստանի հետ աֆիլացվող գիտնականների հետ որևէ համագործակցություն չի եղել՝ այդպիսով հասկանալով հենց սփյուռքի հրապարակումների ակտիվությունը։ Հրապարակումների թվով առաջատար 15 երկրների առաջատար 5 հետազոտական կառույցների բաշխումը կարող եք տեսնել ստորև ներկայացված գրաֆիկում։ Առաջատար երկրների թվում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Համագործակցությունների պոտենցիալը

Առաջատար 15 երկրներում առաջատար 5 կառույցները, որտեղ աշխատում են հայկական ծագումով գիտնականներ

ըստ հետազոտությունների թվի

Պոտենցալ vs. գոյություն ունեցող համագործակցություններ

Բայց որքանո՞վ է այս առկա ներուժն իրացվում։ Այս հարցին պատասխանելու համար տվյալները բաժանել ենք երկու խմբի և վերլուծել հրապարակումների մակարդակով՝ համեմատելով այդ խմբերի հրապարակման արդյունքներն՝ ըստ գիտակարգերի։ Առաջին խմբում ներառել ենք միայն հայկական ազգանուններով հետազոտողների հրապարակումները, որոնք չեն համագործակցել Հայաստանի գիտական կառույցների հետազոտողների հետ։ Երկրորդ խմբում ներառել ենք այն հրապարակումները, որոնք իրականացվել են հայաստանյան կառույցների հետ աֆիլացվող հետազոտողների հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացված գրաֆիկում կարող եք տեսնել ընդհանուր ներուժի և առկա համագործակցությունների համեմատությունը տոկոսներով։ Առկա ներուժն առավել ամբողջական իրացվում է ֆիզիկայի և աստղագիտության, մաթեմատիկայի, ինչպես նաև արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտներում։ Սակայն նույնիսկ այս ոլորտներում առավելագույնն իրացվում է ներուժի մոտ մեկ քառորդը։

Հայկական ակադեմիական սփյուռքը նաև զգալի ներուժ ունի բժշկության ոլորտում, սակայն այս ներուժի միայն մոտ 3%-ն է ներկայումս իրացվում Հայաստանի գիտնականների հետ համագործակցությունների միջոցով։