Հայկական ակադեմիական սփյուռքը․ Scopus-ում հրապարակումների վերլուծություն՝ հիմնված հայկական ազգանունների վրա

23 767․ սա հայկական ազգանուն ունեցող բոլոր այն հետազոտողների թիվն է, որոնք 1901-ից 2026 թվականների ընթացքում առնվազն մեկ հրապարակում են ունեցել Scopus-ում։ Այս հետազոտողներից  21 672-ը կամ 92%-ը աֆիլացված է բացառապես օտարերկրյա հետազոտական կառույցների հետ․ նրանց կարելի է համարել հայկական գիտական սփյուռքի մի մաս։

«Ինֆոքոմը» վերլուծել է աշխարհի խոշորագույն ակադեմիական շտեմարաններից մեկի՝ Scopus-ի տվյալները՝ հասկանալու համար հայկական սփյուռքի ակադեմիական ներուժը, ինչպես նաև Հայաստանի հետ աֆիլացված և օտարկերկրյա հաստատությունների հետ աֆիլացված ու հայկական ծագում ունեցող հետազոտողների միջև գոյություն ունեցող և հնարավոր համագործակցությունները։

Տվյալների հավաքագրումը

Գիտական աշխարհն ու գիտական արդյունքներն արդեն վաղուց են վերլուծվում ազգային պետությունների սահմաններից դուրս և տարբեր մակարդակներում։ Գիտությունը հիմնարար կերպով դարձել է գլոբալ․ պետությունների և հետազոտական կառույցների միջև համագործակցությունները լայն տարածում ունեն, իսկ գիտելիքի, ինֆորմացիայի և փոխգործակցության հոսքերը պարբերաբար հատում են պետական սահմանները։

Հայաստանի դեպքում գիտության գլոբալ բնույթն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով պատմական մեծ սփյուռքի գոյությունը։ Հայաստանի ակադեմիական մեծ սփյուռքը ձևավորվել է կայսրությունների ստեղծման և փլուզման, պատերազմների, ցեղասպանության, ինչպես նաև վերջին 30 տարիների միգրացիոն գործընթացների հետևանքով։

Մեր նպատակն էր ուսումնասիրել այս սփյուռքի կառուցվածքն ու դրա կապը հայկական գիտական կառույներում իրականացվող հետազոտությունների հետ։ Սկզբում մենք կազմել ենք հայկական ժամանակակից և պատմական ազգանունների ցանկ` հիմնվելով armeniapedia.org հարթակի տվյալների վրա, և Scopus շտեմարանից առանձնացրել ենք բոլոր այն հրապարակումները, որոնք ունեն այդ ազգանուններով հեղինակներ/համահեղինակներ (տե՛ս «Մեթոդաբանություն» բաժինը)։

Իհարկե, ներկայումս հայկական ազգանուն ունենալը պարտադիր կերպով չի ենթադրում հայկական ինքնության պահպանում՝ անկախ նրանից, թե ինչպես է այդ ինքնությունը սահմանվում։ Պարտադիր չէ նաև, որ այն ենթադրի հայերենի իմացություն կամ հայկական մշակույթի հետ որևէ կապի առկայություն։ Այնուամենայնիվ, չնայած այս սահմանափակումներին, մենք արժեքավոր ենք համարել վիզուալ ներկայացնել հայկական ակադեմիական սփյուռքը, ինչպես նաև ուսումնասիրել առկա և հնարավոր համագործակցությունները Հայաստանի հետազոտական կառույցների ու արտերկրի այն կառույցների միջև, որտեղ գործունեություն են ծավալում հայկական ազգանուններով գիտնականներ։

Մեր հաջորդ քայլն էր ուսումնասիրել, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել այն երկրների «դիրքը», որոնց հետ աֆիլացվող և հայկական ազգանուն ունեցող գիտնականները հրապարակումներ են ունեցել։ Մենք հաշվարկել ենք Scopus-ում ինդեքսավորված ամբողջ ժամանակահատվածում յուրաքանչյուր երկրի հետ աֆիլացվող հրապարակումների թիվը։ Մեր տվյալների շտեմարանն ընդգրկում է 125 տարի, և մեր չափանիշներին համապատասխանող ամենավաղ հրապարակումը Scopus-ում ինդեքսավորվել է 1901 թվականին։ Հայկական ազգանուններով հետազոտողների հետ աֆիլացվող երկրների փոփոխվող բաշխումը կարող եք տեսնել ստորև ներկայացված ինտերակտիվ վիզուալում։

Ինչպե՞ս են զարգացել Հայաստանի հետ կապվող հետազոտությունները

125 տարին՝ Scopus-ի դիտանկյունից

Հատկանշական է, որ մոտավորապես 1913 թվականից սկսած՝ Միացյալ Նահանգները դարձել է հայկական ակադեմիական սփյուռքի հետ աֆիլացվող հրապարակումների թվով առաջատար երկիրը։ Սա, ամենայն հավանականությամբ, արտացոլում է Հայոց ցեղասպանությանը հաջորդած միգրացիոն գործընթացները, ինչպես նաև Միացյալ Նահանգներում առկա գիտական և կրթական հնարավորությունները։

Արդյունքում Միացյալ Նահանգները դարձել է հայկական ակադեմիական սփյուռքի գլխավոր կենտրոն։ Երկրների միջև այս «մրցավազքն» ինքնին խոսուն է, սակայն վերջին երկու տարվա ակադեմիական արդյունքի դիտարկումը ցույց է տալիս, որ առաջատար երկրներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը․ այս երկրներն, ի դեպ, առաջ են ընկնում Հայաստանից։ Իսկ 2026 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանից առաջ է ընկնում միայն ԱՄՆ-ն։ Հայաստանը ևս առաջատար երկրների շարքում է․ 1960-ականների վերջից երկիրը դարձել է անկախ ակադեմիական «խաղացող»։

Երկրների այսպիսի բաշխվածությունն արտացոլում է հայկական սփյուռքի ավելի լայն կառուցվածքը, պատմական միգրացիոն օրինաչափությունները, կայսերական ժառանգությունը (անցյալում Խորհրդային Միության, Օսմանյան կայսրության և Պարսկաստանի կազմում գտնվելու հանգամանքը), ինչպես նաև ժամանակակից աշխարհաքաղաքական պատկերը։

Նախքան հայկական հետազոտական կառույցների հետ աֆիլացված գիտնականների և սփյուռքի՝ հայկական ծագմամբ գիտնականների միջև առկա համագործակցությունները գնահատելը՝ մենք ուսումնասիրել ենք հայկական ակադեմիական սփյուռքի ընդհանուր գիտական ներուժը․ ո՞ր երկրներն ու հետազոտական կառույցներն են առաջատար հրապարակումների թվով։

Այս հարցի պատասխանը գտնելու նպատակով ընտրել ենք բոլոր այն հրապարակումները, որոնց շրջանակում Հայաստանի հետ աֆիլացվող գիտնականների հետ որևէ համագործակցություն չի եղել՝ այդպիսով հասկանալով հենց սփյուռքի հրապարակումների ակտիվությունը։ Հրապարակումների թվով առաջատար 15 երկրների առաջատար 15 հետազոտական կառույցների բաշխումը կարող եք տեսնել ստորև ներկայացված գրաֆիկում։ Առաջատար երկրների թվում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Համագործակցությունների պոտենցիալը

Առաջատար 15 երկրներում առաջատար 15 կառույցները, որտեղ աշխատում են հայկական ծագումով գիտնականներ

ըստ հետազոտությունների թվի

Պոտենցալ vs. գոյություն ունեցող համագործակցություններ

Բայց որքանո՞վ է այս առկա ներուժն իրացվում։ Այս հարցին պատասխանելու համար տվյալները բաժանել ենք երկու խմբի և վերլուծել հրապարակումների մակարդակով՝ համեմատելով այդ խմբերի հրապարակման արդյունքներն՝ ըստ գիտակարգերի։ Առաջին խմբում ներառել ենք միայն հայկական ազգանուններով հետազոտողների հրապարակումները, որոնք չեն համագործակցել Հայաստանի գիտական կառույցների հետազոտողների հետ։ Երկրորդ խմբում ներառել ենք այն հրապարակումները, որոնք իրականացվել են հայաստանյան կառույցների հետ աֆիլացվող հետազոտողների հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացված գրաֆիկում կարող եք տեսնել ընդհանուր ներուժի և առկա համագործակցությունների համեմատությունը տոկոսներով։ Առկա ներուժն առավել ամբողջական իրացվում է ֆիզիկայի և աստղագիտության, մաթեմատիկայի, ինչպես նաև արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտներում։ Սակայն նույնիսկ այս ոլորտներում առավելագույնն իրացվում է ներուժի մոտ մեկ քառորդը։

Հայկական ակադեմիական սփյուռքը նաև զգալի ներուժ ունի բժշկության ոլորտում, սակայն այս ներուժի միայն մոտ 3%-ն է ներկայումս իրացվում Հայաստանի գիտնականների հետ համագործակցությունների միջոցով։

Հրապարակումների վրա հիմնված առկա համագործակցությունները

Հայաստանի կառույցներում գործող հետազոտողների և հայկական ակադեմիական սփյուռքի հետազոտողների միջև առկա համագործակցությունները գնահատելու համար մենք հաշվարկել ենք հրապարակումները, որոնց համահեղինակները մի կողմից բացառապես հայկական կառույցների հետ աֆիլացված գիտնականներ են, մյուս կողմից՝ օտարերկրյա կառույցների հետ աֆիլացված և հայկական ազգանուններ ունեցող գիտնականներ։ 

Այս տվյալները ներառում են նաև Հայաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հեռավար լաբորատորիաներ» ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունները։ Ծրագիրը ենթադրում է Հայաստանում հետազոտական թիմերի ձևավորում՝ արտերկրից համաղեկավաների ներգրավմամբ։ Օտարերկրյա 84 համաղեկավարներից 29-ը կամ ավելի քան 34%-ը հայկական ծագում ունի։

Ստորև ներկայացված գրաֆիկը ցույց է տալիս համագործակցությունների՝ համահեղինակությամբ հրապարակումների վրա հիմնված պատկերը՝ առաջատար 15 երկրներում և դրանցից յուրաքանչյուրում գործող առաջատար 5 հաստատություններում։

Առաջատար երկրների շարքում Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Իսպանիան և Ֆրանսիան առանձնանում են որպես առավել նշանակալի համագործակիցներ։ Հայաստանի կողմից համագործակցությունների խոշորագույն հանգույցներն են Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Երևանի պետական համալսարանը։

Այս համագործակցություններում ակնհայտ է ֆիզիկայի և ֆիզիկային առնչվող գիտակարգերի հստակ գերակայությունը։

Հայաստանի և արտերկրի կառույցների միջև համագործակցությունները՝ ըստ հայկական աֆիլյացիա ունեցող և օտարերկրյա կառույցների հետ աֆիլացվող՝ հայկական ծագմամբ գիտնականների հրապարակումների

առաջատար 15 երկրները, և յուրաքանչյուր երկրում առաջատար 5 հաստատությունները

Առկա համագործակցությունները՝ հիմնված աֆիլյացիաների վրա

Այնուհետև կենտրոնացել ենք համագործակցությունների ավելի կոնկրետ տեսակի՝ աֆիլյացիաների վրա հիմնված համագործակցությունների վրա։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ նույն անձը միաժամանակ աֆիլացված է թե՛ հայկական, թե՛ օտարերկրյա կառույցների հետ։ Նման դեպքերն առանձնացրել ենք տվյալների ընդհանուր շտեմարանից և հաշվարկել դրանց արդյունքում կատարված հրապարակումների թիվը։ Ստորև ներկայացված են առաջատար 15 երկրները, դրանցից յուրաքանչյուրում առաջատար 5 կառույցները, ինչպես նաև հայկական կողմի հիմնական համագործակից կառույցները։

Այս կատեգորիայում համագործակցությունների օրինաչափությունը որոշ չափով տարբերվում է հրապարակումների վրա հիմնված համագործակցություններից։ Հայ գիտնականներն ամենից հաճախ հայկական աֆիլյացիան համատեղում են Ռուսաստանի, Գերմանիայի, Իռլանդիայի, Իտալիայի և Միացյալ Նահանգների կառույցների աֆիլյացիայի հետ։ Հայկական կողմում այս համագործակցությունների ինստիտուցիոնալ բաշխումը ավելի բազմազան է․ Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Երևանի պետական համալսարանից բացի՝ առաջատար կառույցների թվում են նաև Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան։

Հայաստանի և արտերկրի կառույցների միջև համագործակցություններն՝ ըստ միաժամանակ հայկական և ոչ հայկական կառույցների հետ աֆիլացվող գիտնականների հրապարակումների

առաջատար 15 երկրները, և յուրաքանչյուր երկրում առաջատար 5 հաստատությունները

Ամփոփելով՝ սփյուռքի հայ գիտնականների հետ կան ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ համագործակցություններ։ Սակայն հայկական սփյուռքի ակադեմիական պոտենցիալի շատ փոքր մասն է իրացվում գիտական համագործակցություններում։ Մենք հույս ունենք, որ այս հետազոտությունը կօգնի առավել մանրամասն ծանոթանալու հայկական ակադեմիական սփյուռքին և հնարավորության դեպքում՝ սկիզբ դնելու նոր համագործակցությունների։

Անցե՛ք հղումով՝ հայկական ակադեմիական սփյուռքի քարտեզին ծանոթանալու համար:

Մեթոդաբանություն

 

Հայկական ակադեմիական սփյուռքի հետ գոյություն ունեցող և պոտենցիալ համագործակցությունների պատկերը վերլուծելու, ինչպես նաև Հայաստանի ակադեմիական սփյուռքի քարտեզը կազմելու նպատակով մենք որպես հիմք ենք ընդունել Scopus շտեմարանը՝ առանձնացնելով շտեմարանում ինդեքսավորված հասանելի ամենահին հրապարակումներից մինչև 2026 թվականի ապրիլի դրությամբ հրապարակումները, որոնց հեղինակներն ունեն հայկական ազգանուններ։ Չնայած Scopus-ը չի ներառում բոլոր հնարավոր հրապարակումները, սակայն բավականին ներկայացուցչական է ակադեմիական արդյունքի տեսանկյունից։

Հայկական ազգանունների ցանկը կազմելու համար որպես հիմնական աղբյուր օգտագործվել է Armeniapedia.org-ը, որը տրամադրում է հայկական ազգանունների համապարփակ ցանկ։ Կարևոր է նշել, որ այս ցանկը ներառում է ոչ միայն հայկական ժամանակակից ամենատարածված ազգանունները, այլև պատմական ազգանուններ, որոնք շարունակում են հանդիպել հայկական սփյուռքում։

Կարևոր է նաև նշել, որ հեղինակների նույնականացումը հիմնված է ազգանունների ձևի վրա և չի ենթադրում ազգություն, ինքնություն կամ ինքնանույնականացում, թեև կարող է համընկնել դրանց հետ։ Այլ կերպ ասած՝ ազգանվան հայկական բնույթը պարտադիր կերպով չի նշանակում, որ անձն իրեն համարում է հայ, տիրապետում է հայերենին կամ ունի մշակութային կապ Հայաստանի հետ։ Բացի այդ՝ մեր տվյալներում ներառված չեն հայկական ծագում ունեցող այն գիտնականները, որոնք փոխել են իրենց ազգանունները։ Կարելի է ասել, որ ազգանունները ծառայում են որպես ավելի լայն և տարասեռ պատմական հայկական սփյուռքին պատկանելիության ցուցիչ։

Քանի որ հայկական ազգանունների օրինաչափությունների վրա հիմնված պարզ որոնումը տալիս է զգալի թվով կեղծ դրական արդյունքներ՝ հատկապես Հարավարևելյան Ասիայում և Չինաստանում՝ անգլերեն տառադարձման առանձնահատկությունների պատճառով, ինչպես նաև Իրանում՝ ազգանունների նմանության պատճառով, մենք իրականացրել ենք ազգանունների լրացուցիչ վերլուծություն և զտել ենք ցանկը՝ կեղծ դրական դեպքերի մեծ մասը հեռացնելու համար։ Իրանի դեպքում մենք հեռացրել ենք գրեթե բոլոր ազգանունները, քանի դեռ չի հաստատվել դրանց կապը հայկական սփյուռքի հետ՝ կեղծ դրական արդյունքները նվազագույնի հասցնելու նպատակով։ Մենք շարունակելու ենք այս գործընթացը և առաջիկայում կհամալրենք ցանկը, եթե Իրանում բնակվող հայկական ծագմամբ նոր հետազոտողների հայտնաբերենք։

Scopus-ում ինդեքսավորված հրապարակումները ստանալուց հետո մենք առանձնացրել ենք միայն հայկական ազգանուն ունեցող հեղինակներին՝ նրանց աֆիլյացիաներով։ Կարևոր սահմանափակումներից մեկն այն է, որ յուրաքանչյուր հրապարակման դեպքում հասանելի են միայն առաջին 100 հեղինակների տվյալները։ Սա նշանակում է, որ մենք ենթադրաբար բաց ենք թողել որոշ հեղինակների, որոնք մասնակցել են մեծ հետազոտական համագործակցային նախագծերի՝ 100-ից ավելի հեղինակներով։

Այնուհետև տվյալների շտեմարանը համալրվել է գիտնականների հետ աֆիլացվող կառույցների աշխարհագրական տեղորոշման, ինչպես նաև հրապարակումների գիտական ուղղությունների մասին տվյալներով։ Հրապարակումների՝ ըստ գիտակարգերի դասակարգման համար հիմք են ծառայել այն գիտական ամսագրերի՝ Scopus-ի կողմից սահմանված կատեգորիաները, որոնցում տեղ են գտել հրապարակումները։ Աֆիլյացիաների և գիտակարգերի մասին տվյալների հիման վրա մենք վերլուծել ենք Հայաստանի հետ աֆիլացվող և Հայկական սփյուռքի գիտնականների միջև գոյություն ունեցող և պոտենցիալ համագործակցությունները։ Տեղորոշումը հիմք ենք ընդունել՝ ստեղծելու Հայաստանի հետ կապվող հետազոտողների քարտեզը։

Հայկական որոշ ազգանունների բարդ կառուցվածքի և տարբեր լեզուներից անգլերեն տառադարձման առանձնահատկությունների պատճառով մեր տվյալների շտեմարանը նույնիսկ լայնածավալ զտումից հետո կարող է պարունակել կեղծ դրական դեպքեր, ինչպես նաև կարող է չներառել որոշ հետազոտողների՝ որպես կեղծ բացասական դեպքեր։ Բացի այդ՝ Scopus շտեմարանում աֆիլյացիաների, տեղադիրքի և երկրների տվյալների անհամապատասխանությունների պատճառով մեր քարտեզը նույնպես կարող է պարունակել անճշտություններ։ Եթե նկատեք նման որևէ դեպք, խնդրում ենք հայտնել այդ մասին՝ գրելով [email protected] հասցեին և կցելով էկրանապատկեր (screenshot)։

Հեղինակների ներդրումը․

Յուրի Ագաֆոնովը հավաքագրել և վերլուծել է Scopus-ի տվյալները, պատրաստել վիզուալներն ու գրել հոդվածը,

Աննա Սահակյանը հավաքագրել է «Հեռավար լաբորատորիաներ» ծրագրի տվյալները և աջակցել կեղծ դրական դեպքերի զտման աշխատանքին։