factor.am Վարդավառի օրը Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Համացանցում տեսանյութ է տարածվել Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում կրակոցներ են հնչում։
Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին մոտենում սև շապիկով տղամարդուն և կրակում նրա ոտքին։ Ապա նույն տղամարդը կրակոցներ է արձակում մեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո այդ մեքենան վրաերթի է ենթարկում կրակոցներ արձակողին։ Լսվում են մարդկանց աղաղակներն ու բղավոցները։ Տեսանյութն այդքանով ավարտվում է։
Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից սպանության փորձի և մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով։