Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանը ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին | 1lurer.am

Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանը ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հուլիսի 14-ին ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Քննարկման առանցքում Հայաստանի և Էստոնիայի միջև ՆԳ նախարարության մանդատի շրջանակում համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարներն էին։

Էստոնական կողմը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը՝ ընդգծելով երկկողմ համագործակցությունը երկարաժամկետ և գործնական ծրագրերի միջոցով առավել խորացնելու պատրաստակամությունը։

Անդրադառնալով սահմանային կառավարման և միգրացիայի ոլորտներում իրականացվող աշխատանքներին՝ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Խոսելով կրթական բաղադրիչի մասին՝ ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ ՆԳՆ կրթահամալիրում, ոստիկանների և փրկարարների մասնագիտացման ծրագրերին զուգահեռ, նախատեսվում է ներդնել նաև սահմանապահների մասնագիտացված կրթական ծրագրեր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի և ժամանակակից կրթական մեթոդաբանության վրա։

Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները սահմանային կառավարման, սահմանապահ ծառայողների կարողությունների զարգացման, փաստաթղթերի ստուգման համակարգերի կատարելագործման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաև թվայնացման ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության հետագա ընդլայնման հանձնառությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի մշակումն ու արդյունավետ իրականացումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն