Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը | armenpress.am

Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը | ermenihaber.am

ermenihaber.am Թուրքիայում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վնասներ հասցրած քաղաքացին կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Օրեր առաջ Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատունը հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով վնասվել էին վեց գերեզման և մեկ աղբյուր։

Վանդալիզմի դեպքի կապակցությամբ Կ․ Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել էր այս հարձակումը և ահազանգել ոստիկանություն, ինչից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր այս գործով հետաքննություն սկսելու մասին։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ էր ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա բերման էր ենթարկվել 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։

Թուրքիայի քրեական դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և կալանավորել կասկածյալին։ Սակայն նրա ցուցմունքները չեն հրապարակվել, և առայժմ հայտնի չէ, թե ինչ դրդապատճառով է իրականացվել հարձակումը»,– նշված է կայքի հրապարակման մեջ։

Ըստ նույն հրապարակման՝ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Վանի պատգամավոր Մահմութ Դինդարը, Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան վրա հարձակման դեպքից հետո, Թուրքիայի մեջլիսին խորհրդարանական հետաքննություն սկսելու առաջարկ է ներկայացրել։ Առաջարկի նպատակն է ուսումնասիրել հայկական և մյուս քրիստոնեական համայնքների գերեզմանատների ու պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումները։

Դինդարը նաև հարցում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով պարզաբանումներ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների, դրանց վերաբերյալ իրականացվող քննությունների և պաշտպանական միջոցառումների վերաբերյալ։

Այդ առաջարկի հիմնավորման մեջ նշվում է, որ նման հարձակումները «լուրջ ատելության հանցագործություններ են, որոնք ուղղված են մահացածների նկատմամբ հարգանքի իրավունքին, կրոնի և խղճի ազատությանը, մշակութային ժառանգության պահպանությանը և Թուրքիայում ապրող քրիստոնյա քաղաքացիների անվտանգության զգացմանը»։

Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ հայերին, հույներին, ասորիներին և մյուս քրիստոնեական համայնքներին պատկանող գերեզմանատների, եկեղեցիների և պատմական շինությունների նկատմամբ կատարված հարձակումների դեպքերում մեղավորները հաճախ չեն բացահայտվում կամ արդյունավետ քննություն չի իրականացվում, ինչն ամրապնդում է անպատժելիության զգացումը։

Հիմնավորման մեջ հիշատակվում են նաև նախկինում Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական դպրոցի, Գալֆայան հայկական տարրական դպրոցի և Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկատմամբ իրականացված ատելության հողի վրա կատարված հարձակումները՝ նշելով, որ այդ գործերով ևս մեղավորները չեն հայտնաբերվել կամ քննությունը բավարար արդյունավետ չի եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն