Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանու․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա | 1lurer.am

Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանու․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19․30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան ձերբակալվել ու տեղափոխվել է Շենգավիթի բաժին։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։

Տղան հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։ Ըստ նրա՝ արդեն հասցրել էր երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն