Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները | armenpress.am

Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ՝ Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը հուլիսի 20-ին մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ շրջայց է կատարել հուլիսի 17-ին տեղացած ուժեղ կարկուտից առավել տուժած համայնքներում։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Շրջայցի ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են Ախուրյան համայնքի Բագրավան բնակավայր, հանդիպել բնակիչներին և տեղում քննարկել կարկուտի հետևանքով պատճառված վնասների ծավալները։ Արձանագրվել են բնակելի տների տանիքների, ավտոմեքենաների և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վնասման դեպքեր։

Հանձնաժողովն այցելել է նաև Անի համայնքի Ձիթհանքով և Լանջիկ բնակավայրեր, որտեղ, նախնական գնահատականների համաձայն, վնասներ են կրել հիմնականում գյուղատնտեսական հողատարածքները։

Համայնքային հանձնաժողովները շարունակում են ընդունել քաղաքացիների ահազանգերը՝ հնարավորինս ամբողջական պատկեր կազմելու և վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Շիրակի մարզային հանձնաժողովին ներկայացնելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն