1lurer.am Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից, հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի՝ հաղորդում է Reuters-ը: Այդ որոշումը, նրա խոսքով, անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունը չգա իշխանության։
«Այստեղ այլևս ընտրություններ չեն լինի, որպեսզի նրանք չփորձեն գրավել կառավարությունը և զավթել իշխանությունը»,- ասել է Օրտեգան: Թե ինչպես է դա օրենսդրորեն ամրագրվելու՝ նախագահը չի պարզաբանել:
Երկրից դուրս գործող ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ Օրտեգայի որոշման մեջ տեսնում են թուլություն և ցանկացած մրցակցությունից ազատվելու փորձ:
Դանիել Օրտեգան, որն այժմ 80 տարեկան է, առաջին անգամ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 1981 թվականին: 1990 թվականին նա պարտվել է ընտրություններում և մինչև 2006 թվականը եղել ընդդիմության շարքերում։ 2007 թվականին նա կրկին դարձել է նախագահ, ապա հաղթող է ճանաչվել 2011, 2016 և 2021 թվականների նախագահական ընտրություններում: