armenpress.am Հայաստանում Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի առաջին կիսամյակում զգալի աճ է գրանցել՝ հասնելով շուրջ 1,8 միլիոնի։
«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը՝ ամփոփելով հիմնադրամի գործունեության առաջին կիսամյակի արդյունքները։
Խարազյանի խոսքով՝ հիմնադրամը հետևողականորեն և շարունակաբար պետք է հանրային իրազեկում և եռամսյակային հաշվետվությունների հրապարակում իրականացնի, ինչն ամրագրված է՝ որպես հետևողականորեն իրականացվող գործառույթ։ Նրա բնորոշմամբ՝ գործունեության եռամսյակային հաշվետվություններն առկա են հիմնադրամի կայքում, և բոլորը կարող են ծանոթանալ դրանց։
«Առողջության համընդհանուր ապահովագրության ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2026 թվականի հունվարի 1-ից, ապահովագրված քաղաքացիների ընդհանուր քանակն ավելացել է շուրջ 14 տոկոսով։ Եթե մենք տարեսկզբին խոսում էինք 2026 թվականին շուրջ 1,6 միլիոն շահառու ունենալու մասին, ապա արդեն հունիսի տվյալների համաձայն՝ շահառուների թիվը կազմում է շուրջ 1,8 միլիոն, և այս թվի մեջ տեսակարար կշիռ են կազմում վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը։ Այսինքն՝ այս աճը հիմնականում պայմանավորված է 200 հազար և բարձր աշխատավարձ ստացող մեր շահառուների թվաքանակի աճով»,-նշեց Խարազյանը։
Վերջինիս խոսքով՝ այս ցուցանիշների աճը նաև պայմանավորված է երկրի տնտեսական աճով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և առողջապահության համակարգի կարևորության մեծացմամբ։
Սամվել Խարազյանը նաև նշեց, որ այդ շուրջ 1,8 միլիոն շահառուներից 762 հազար 404-ն օգտվել է համակարգի այս կամ այն ծառայությունից։ Իսկ միայն դեղեր ստացած շահառուների թիվը կազմում է 35 հազար 961 է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում