ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք | 1lurer.am

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, օրերս բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող խանութների ցանցը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար և ոչ բոլոր դեպքերում է տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է ներքին հաշվառման փաստաթուղթ` խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այդ տվյալները հաստատվել են: Ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ այն մասին,  որ 2023-թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թ. հունիս ամսվա 30-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԸ-ի կողմից թաքցվել է շուրջ 619 միլիոն դրամի իրացման շրջանառություն, իսկ վարձու աշխատողներին վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները պակաս է հաշվարկել շուրջ 340 միլիոն դրամի չափով։ Արդյունքում ընկերության կողմից չհաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 260 միլիոն ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրածախ առևտրով զբաղվող հարկ վճարողներին տեղեկացնում են, որ գործող իրավակարգավորումների համաձայն, վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ ու քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ, այլ ոչ թե ներքրին հաշվառման կտրոններ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն