Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են | hetq.am

Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են | hetq.am

hetq.am Զինաիդա Վարդպարոնյանը 2026 թվականի մայիսի 9-ին Մարիամ Մանուկյանից դեպի Եգիպտոս տուրիստական փաթեթ է գնել։ Նրա մասին իմացել է մատնահարդար ընկերուհուց, որի հաճախորդն է Մարիամ Մանուկյանը։ Զինաիդայի խոսքով` Մարիամն ասել էր, որ զբոսաշրջային ծառայություններ է մատուցում և առաջարկել արտերկրի ուղևորությունների փաթեթներ` շուկայականից զգալիորեն  մատչելի գներով։

Մարիամ Մանուկյանը նրան տարբեր առաջարկներ է ուղարկել, որոնք մոտ 30 տոկոսով ավելի մատչելի են եղել, քան այլ ընկերությունների առաջարկները։ Զինաիդան ընտրել է տարբերակներից մեկը և 2026 թվականի մայիսի 9-ին փոխանցել է 50 000 դրամ կանխավճար, օրեր անց՝ 182 000 դրամ՝ հյուրանոցի ամրագրման համար, հետո էլ փոխանցել է մնացած 235 հազար դրամը։ Ընդհանուր վճարել է 467 հազար դրամ։

«Ամբողջ գումարը փոխանցելուց հետո սպասում էի, որ կուղարկի տոմսերը, ամրագրումերը։ Բայց երկու օր էր՝ չէր պատասխանում ո՛չ զանգերին, ո՛չ հաղորդագրություններին։ Մեր ամբողջ նամակագրությունն ու փոխանցումների կտրոնները պահպանել եմ»,- ասում է նա։

Զինաիդան սկզբում մտածել է, թե պարզապես կապի խնդիր է, կամ Մարիամը քաղաքում չէ, բայց կասկածները հաստատվել են, երբ իրենց երրորդ ընկերուհին, որը նույնպես Մարիամ Մանուկյանի միջոցով ավիատոմս էր ձեռք բերել, հուլիսի 13-ին օդանավակայանում պարզել է, որ իր անունով որևէ ամրագրում կամ ավիատոմս գոյություն չունի, իր մոտ առկա ամեն ինչ կեղծ է, ու չի կարողացել մեկնել հանգստանալու։

Զինաիդան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել այն մասին, որ տուրիստական փաթեթ է գնել և հետո պարզել, որ խաբվել է։ Նա գրառմամբ հորդորել է օգտատերերին զգուշանալ, բազմաթիվ քաղաքացիներ արձագանքել են գրառմանը, մարդիկ անձնական նամակներ և մեկնաբանություններ են գրել, պատմել, որ նույն կնոջ խաբեության զոհն են դարձել։

Լիլիթ Խլղաթյանը Զինաիդայի հրապարակման տակ մեկնաբանություն է թողել և պատմել, որ վիզայի դիմումների կենտրոնում՝ TLScontact-ում այցելության օր պետք է վերցներ։ Զինաիդան Լիլիթին ասել է, թե ամրագրումն արել է, բայց Լիլիթը զանգել է ու պարզել, որ իրենց անձնագրային տվյալներով օր չկա ամրագրված։

«Առաջին անգամ հետաձգեց մտնելը, իբր խնդիր է եղել, երկրորդ անգամ գնացինք, սպասեցինք ու պարզվեց, որ մեզ համար օր չկա, ոչ էլ կարող ենք մեր թղթերը ներկայացնել։ Արդյունքում կորցրինք նյարդեր, գումար ու պլանավորած ճանապարհորդություն։ Մեզ հետ մի ընտանիք էլ իր միջոցով պիտի մտներ թղթերի համար, իրենց ամբողջական փաթեթ էր վաճառել, վճարել էին 500,000 դրամ ու բոլոր թղթերը կեղծել էր՝ հյուրանոցի ամրագրումից սկսած, մինչև TLS-ի օրվա հաստատման մասով նամակը»,- պատմում է Լիլիթը։

Նրա խոսքով՝ Մարիամ Մանուկյանը մի քանի մարդկանց մոտ ներկայացել էր «Ջան Արմենիա» տուրիստական ընկերության անունից, բայց հետագայում պարզվել է, որ Մարիամ Մանուկյանը «Ջան Արմենիա» ընկերությանը նույնպես խաբել է՝ պատճառելով խոշոր չափերի ֆինանսական վնաս։

«Ջան Արմենիա» ընկերության փաստաբան Հայկ Հարությունյանի խոսքով՝ Կենտրոնի քննչական բաժնում քննվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթ, որով ընկերությունը ներգրավված է որպես տուժող։

Ըստ փաստաբանի՝ Մարիամ Մանուկյանի գործողությունների հետևանքով ընկերությանը պատճառվել է շուրջ 14 միլիոն դրամի վնաս։ «Ջան Արմենիան» սեփական միջոցներով ամբողջությամբ փոխհատուցել է իր հաճախորդների կրած վնասները՝ կատարելով նրանց նկատմամբ ստանձնած պարտավորությունները։

Մարիամ Մանուկյանը համագործակցել է «Ջան Արմենիա» ընկերության հետ, տուրիստական փաթեթներ վաճառել ու յուրացրել հաճախորդների գումարները։

Տուժածները դիմել են ոստիկանություն

Տուժածները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Զինաիդայի խոսքով՝ հաղորդումից հետո գործով քննիչը կապ է հաստատել տուժողների հետ, բայց գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին չունեն։

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում Մարիամ Համլետի Մանուկյանի վերաբերյալ 2 քրեական գործ կա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն