«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում | shantnews.am

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

«Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Հայաստանի կողմից ներկայացված «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Հայտը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա՝ «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ։ Սա պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված օրինակ է:

Ինչպես նոր գրանցված հայտը, այնպես էլ նախորդ տարիներին գրանցված բոլոր հայտերը հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում՝ https://whc.unesco.org/en/statesparties/am:

Այսպիսով՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին գրանցված 4 հայտերին վերջին 3 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում ավելացնում է ևս 4-ը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն