news.am Ուկրաինայի բոլոր «հովանավորները» պետք է պատասխանատվություն կրեն իրանական նավի վրա հարձակման համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի արտգործնախարարությունը, Ուկրաինան շաբաթ օրը ռազմական հարձակում է գործել իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
«Անասկած, բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Ուկրաինայի հովանավորներ ու աջակիցներ, պետք է պատասխանատվություն կրեն (իրանական նավին հասցված հարվածի համար)․․․ Իրանն այս հարձակումը առանց պատասխանի չի թողնի», – ճեպազրույցի ընթացքում ասել է Բաղային։
Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիքում ավելի վաղ հրապարակված հայտարարության համաձայն՝ Թեհրանն իրեն իրավունք է պահում պատասխան քայլեր ձեռնարկել Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումից հետո։ Գերատեսչությունից ընդգծել են, որ Ուկրաինայի արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը ընկնում է Կիևի և նրան աջակցողների վրա։