Թունավորման դեպք՝ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում. 21 քաղաքացի հոսպիտալացվել է

Թունավորման դեպք՝ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում. 21 քաղաքացի հոսպիտալացվել է

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը 2026թ. հուլիսի 27-ին ստացել է բանավոր հաղորդագրություն սննդային թունավորման մասին: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն:

«Ըստ այդմ արձանագրվել է, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում («Lori Peak» միջոցառումների անցկացման վայր) հուլիսի 26-ին անցկացվել է միջոցառում (հարսանիք), որից մի քանի ժամ հետո մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։

Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն։

Տեսչական մարմնի տեսուչները, անմիջապես արձագանքելով ահազանգին, նույն օրը վերահսկողական միջոցառումներ են սկսել «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում:

Առկա կերակրատեսակներց կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության: Արդյունքները կհրապարակվեն:

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝

– սանհանգույցի դուռը բացվում է անմիջապես խոհանոցի մեջ
– խոհանոցի պատերի որոշ հատվածներ հարթ չեն, չեն պահվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանների, սառնարանի դարակաշարերը, պատրաստված չեն հարթ, մաքրվող, ախտահանվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն