factor.am Պետբյուջեի պահուստային ֆոնդից շուրջ 24 մլն դրամ է ծախսվելու Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կառավարության ներկայացրած որոշման նախագծից։
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այն լինելու է երկօրյա հեծանվային արշավ, որին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր անձինք։
Նախատեսվում է ներգրավել շուրջ 170 մասնակից՝ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից։ Նախագծում նշվում է, որ 2024 թվականին անցկացվել էր «TOUR DE SEVAN 2024» հեծանվարշավը, որը դրական արձագանքներ էր ստացել մասնակիցների շրջանում։
Դրա հիման վրա որոշվել է շարունակել նախաձեռնությունը և կազմակերպել նոր արշավ։
Ըստ հիմնավորման՝ միջոցառման նպատակն է նպաստել հեծանվային սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը, սպորտային տուրիզմի զարգացմանը և Սևանա լիճը որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման վայր ներկայացնելուն։
Նշված գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Մասսայական սպորտ» ծրագրի շրջանակում՝ կառավարության պահուստային ֆոնդից։