ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին։ Նրանք հուլիսի 20-26-ն Էստոնիայում անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում նվաճել են 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե: Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է այս մարզաձևից ունեցել աշխարհի չեմպիոններ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ողջունելով մարզիկներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրանց պատմական արդյունքների կապակցությամբ՝ ընդգծելով, որ հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերին վկայում է մեր երկրում հրաձգության կայուն և որակական զարգացման մասին։
«Ի դեմս ձեր հաջողությունների՝ կարծում եմ՝ Հայաստանի սպորտային պատմությունը գրանցեց ևս մեկ կարևոր վերելք։ Այն, ինչ դուք արեցիք, արդեն պատմություն է, և ես շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի արդյունքներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով մարզիկներին, մարզիչներին և Հայաստանի հրաձգության ֆեդերացիային՝ շարունակական և հետևողական աշխատանքի համար։
Անդրադառնալով հրաձգության զարգացման պետական քաղաքականությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կառավարության վերջին որոշումներից մեկով մասնավոր հրաձգարաններում մարզվող երեխաների պարապմունքները կֆինանսավորվեն պետության կողմից։
Միաժամանակ՝ քննարկվում է հրաձգության բաղադրիչը «Ֆիզկուլտուրա» առարկայի դպրոցական ծրագրում ներառելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մարզաձևի դերն ուշադրության կենտրոնացման և կարևոր հմտությունների ձևավորման առումով։