Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետի հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, տեսուչների կողմից անցկացվող վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝ արտադրամասի դասավորվածությունը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։
Գործող արտադրամասում չի եղել օդափոխության համակարգ, շինությունների որոշ հատվածում կոյուղու համակարգը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը։
Տեսչական մարմինը տեղեկացնում է նաև, որ սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները, բեռնարկղերը վնասված են եղել՝ հնարավորություն չտալով իրականացնելու դրանց պատշաճ լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ, արտադրամասում պահվել են անձնական իրեր, սննդամթերքի արտադրությունում չօգտագործվող նյութեր և պարագաներ:
«ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հացի ու տորթերի արտադրության արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: