azatutyun.am Ուկրաինան նախօրեին Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործություն կատարելու համար, երբ տեսանյութ հրապարակվեց, որում երևում է՝ ինչպես է անօդաչուն Ուկրաինայի Խերսոն քաղաքում հետապնդում և վիրավորում բանջարեղեն վաճառող մի տղամարդու:
Ուկրաինայի ոստիկանության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է անօդաչուն հետապնդում է տղամարդուն, որը որպես փողոցային կրպակ օգտագործվող միկրոավտոբուսի կողքն է գտնվում։ ԱԹՍ-ն պայթում է, երբ տղամարդը փորձում է պատսպարվել մեքենայի հետևում: Ոստիկանության փոխանցմամբ՝ 50-ն անց տղամարդը ողջ է մնացել, սակայն կոնտուզիա և բեկորային վնասվածքներ է ստացել։
Ավելի ուշ ուկրաինացի պաշտոնյաները հայտնեցին, որ տուժածը 52-ամյա Յուրին է և հիվանդանոցից հրապարակել են նրա հետ հարցազրույցը:
«Ես նոր էի բացել հովանոցը և սկսել իջեցնել արկղերը: Կինս նույնպես այնտեղ էր: Հետո լսեցինք ԱԹՍ-ի բզզոցը, բայց նույնիսկ չէինք տեսնում այն: Այն եկավ շուկայի հետևի ինչ-որ մասից՝ այնտեղի թփերից, և շատ ցածր էր թռչում», – պատմել է Յուրին՝ շարունակելով․ – «Բաց տափաստան է։ Գնալու տեղ չկա։ Սարսափելի է, իհարկե։ Իսկապես սարսափելի»։
«Այսօր շատերին ցնցեց Խերսոնում խաղաղ բնակիչների դեմ ռուսների իրականացրած անօդաչուների «սաֆարիի» հերթական տեսանյութը, – X-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ «Ռուսաստանը խելագարվել է» և կոչ արել «ավելի մեծ ճնշում գործադրել Մոսկվայի դեմ և Ուկրաինային անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրել»:
Reuters-ը հաստատել է տեսանյութի նկարահանման վայրը՝ համադրելով շենքերը, ճանապարհները արբանյակային ու արխիվային պատկերների հետ։ Սակայն գործակալությունը չի կարողացել հաստատել տեսանյութի նկարահանման օրը։ Ուկրաինայի ոստիկանությունը և արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում