pastinfo.am Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին փախուստի դիմած կալանավորված անձն առ այս պահը չի հայտնաբերվել։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։
«Կատարվում է նախաքննություն»,- նշեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ավան նստավայրից կալանավորը դիմել է փախուստի։ Պարզվել էր, որ նախաձեռնված քրեական վարույթով բացակայելու արգելք խափանման միջոց ընտրված անձի նկատմամբ կայացվել է դատավճիռ՝ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում, սակայն մինչ դատավճիռը ուժի մեջ մտնելը խափանման միջոց է ընտրվել կալանք։ Դատական նիստի ավարտից հետո վերջինս նիստերի դահլիճից դիմել է փախուստի։
Դատական կարգադրիչների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։