Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, սակայն նա նախընտրում է դադար վերցնել։ Այս մասին Կառավարության նիստից հետո հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս փուլում նա նախընտրում է դադար վերցնել․ ես ըմբռնումով ու հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, որ Գրիգորյանի հետ կապված որոշումը ինքն է կայացրել։
«Ցանկացած քաղաքական պրոցես իր հետ բերում է ազդեցություններ, հետևանքներ, վերադասավորումներ և սա պետք է դիտարկել այդ համատեքստում։ Այնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց այնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից էնքան գոհ եմ, որ համարում եմ կատարյալ։ Այո, այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ։ Դա հայեցողական պաշտոն է, այդ հայեցողությունը վարչապետինն է և վարչապետը այդ հնարավորությունը ունի»,- ասել է Փաշինյանը ու հավելել, որ շնորհակալ է Գրիգորյանին 8 տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար
Այսօր՝ օգոստոսի 13-ին, Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու մասին։ Մեկ այլ որոշման համաձայն՝ այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը: