Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սերոբ Արամյանին պատկանող (Վայոց ձորի մարզ, Վայք համայնք, Հերհեր բնակավայր) «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:
Այսպես՝
– արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
– առաստաղները պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
– դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: