ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հայաստանում դեսպանի առաքելության ավարտով պայմանավորված: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման տարիներին արդյունավետ և սերտ համագործակցության համար՝ բարձր գնահատելով դեսպանի անձնական ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Նախարարի խոսքով՝ դեսպանի և դեսպանության հետևողական աշխատանքի շնորհիվ զգալիորեն ակտիվացել է համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և հումանիտար այլ ուղղություններով՝ ամուր հիմք ստեղծելով հարաբերությունների հետագա զարգացման համար:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ ընդգծելով, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում կապերի խորացումը նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Ժաննա Անդրեասյանը նաև հաջողություն է մաղթել Նիլակշի Սահա Սինհային հետագա գործունեության ընթացքում՝ հույս հայտնելով, որ վերջինս հետագայում ևս կայցելի Հայաստան:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ բարձր գնահատելով ԿԳՄՍ նախարարության հետ շուրջ երեքուկես տարվա համագործակցությունը: Նրա խոսքով՝ արձանագրված ձեռքբերումներին զուգահեռ՝ երկու երկրների միջև համագործակցության ներուժը մեծ է, և առկա են այն առավել ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորություններին: Նիլակշի Սահա Սինհան ընդգծել է հնդկական կողմի հետաքրրքվածությունը՝ տեղեկացնելով, որ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցվել Հնդկաստանի մի շարք համալսարանների:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը նախատեսում է նաև միջազգային համալսարանների մասնակցություն: Նա տեղեկացրել է նախատեսվող ներդրումային համաժողովի մասին, որը միջազգային գործընկերներին հնարավորություն կտա ծանոթանալու ծրագրին և քննարկելու մասնակցության հնարավոր ձևաչափերը:
Հանդիպման ավարտին կողմերը համոզմունք են հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ նպաստելով նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը»,- նշված է հաղորդագրությունում։