Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն | factor.am

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցության այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության ազգային կենտրոն:

Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին:

Կենտրոնը 2025թ-ին վերազինվել և ընդլայնել է իր գործունեության շրջանակը։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ներդրումը կազմել է ավելի քան 1 մլրդ 444 մլն դրամ: Կենտրոնի մասնակի վերանորոգման շինարարական աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 36 մլն դրամ, ձեռք են բերվել ավելի քան 1 մլրդ 407 մլն դրամի սարքավորումներ: Պետական բյուջեի հաշվին կատարված ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն, թվային ՊԷՏ/ՀՏ համակարգով, բարձր դասի սոնոգրաֆիկ ու մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպիկ ու կոլպոսկոպիկ համակարգերով, ինչպես նաև անխափան սնուցման սարքավորումներով։

Միջուկային բժշկության ազգային կենտրոնը եզակի մասնագիտացված կենտրոն է, որը համալրված է բելգիական IBA ընկերության արտադրության ցիկլոտրոնով։ Կենտրոնի զարգացման շրջանակում արդեն իսկ իրականացված մրցութային գործընթացների արդյունքում ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ՝ թեռանոստիկ բժշկության զարգացման նպատակով։

Ըստ պատասխանատուների, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական ստեղծված հնարավորությունները կարևոր նախադրյալներ են միջուկային բժշկության ախտորոշիչ և բուժական ուղղությունների հետագա զարգացման, նոր ռադիոֆարմպրեպարատների կիրառման, թեռանոստիկ մոտեցումների ներդրման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ներուժի ձևավորման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն