«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են ընթանում․ երկու օբյեկտում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ | factor.am

«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են ընթանում․ երկուսում խախտումներ են հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում «Արտ լանչ» հանրային սննդի ցանցի բոլոր մասնաճյուղերում։ Երկու օբյեկտում արդեն խախտումներ են արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում՝ «Այ Թի Պարկ» բիզնես կենտրոնում գործող «Արտ լանչ»-ում, ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ և սննդամթերքի անվտանգության մի շարք խախտումներ։

Մասնավորապես, պահեստային հատվածում միրգ-բանջարեղենի լվացման և կտրատման տարածքը պատշաճ կերպով առանձնացված չի եղել, լվացող և ախտահանող նյութերի համար առանձնացված պահման տարածք չի եղել, հատակը չի ունեցել հարթ մակերես և չի պահպանվել նորոգ ու մաքուր վիճակում։

Խախտումներ են արձանագրվել նաև պատերի, խողովակների և առաստաղի վիճակում։ Որոշ հատվածներում չի ապահովվել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը։ Խոհանոցի՝ անմիջապես դեպի դուրս բացվող դուռը նույնպես միջատապաշտպան ցանցով ապահովված չի եղել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացումը։

Գերատեսչությունից տեղեկանցնում են, որ խախտումներ են հայտնաբերվել նաև «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության կենտրոնական խոհանոցում։ Այստեղ կասեցվել է «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրությունը՝ վտանգավոր սննդամթերքի թողարկման պատճառով։

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրանքը «մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ), «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։

«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն