Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարական դաշնակից» չէ | civilnet.am

Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարական դաշնակից» չէ | civilnet.am

civilnet.am Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը էականորեն փոխում է արտաքին քաղաքականության նկարագրությունը նախորդ հնգամյա ծրագրի համեմատ։ Ամենաակնառու փոփոխություններից մեկը վերաբերում է Ռուսաստանին. հինգ տարի առաջ որպես Հայաստանի «ռազմավարական դաշինք» և «դաշնակցային հարաբերություններ» նկարագրվող կապերն այժմ ներկայացվում են որպես վերափոխման ենթակա գործընկերություն։

Փոխվել է նաև արտաքին քաղաքականության աշխարհագրական տրամաբանությունը։ Եթե 2021-ին Ռուսաստանի հետ հարաբերությունները փաստաթղթում առաջինն էին, ապա նոր ծրագրում Մոսկվան հայտնվել է ութերորդ տեղում՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Եվրոպական միությունից, Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից հետո։

Միաժամանակ 2021-2026 թվականների ծրագրի արտաքին քաղաքականության առանցքային թեմաներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղը, նոր փաստաթղթից անհետացել է։ Նախորդ ծրագրում առանձին գլուխ էր հատկացված Ղարաբաղյան հիմնախնդրին, իսկ կառավարությունն իրեն հայտարարում էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։

«Ռազմավարական դաշինքից»՝ վերափոխվող գործընկերություն

2021-ի կառավարության ծրագիրը Ռուսաստանի դերը սահմանում էր արդեն անվտանգության և արտաքին քաղաքականության բաժնի սկզբում։ Առանձին ենթաբաժինը վերնագրված էր՝ «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը»։

Այդ ժամանակ կառավարությունը նախատեսում էր շարունակել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունների հագեցումը։ Ծրագրում նշվում էր նաև, որ Գորիսի և Սիսիանի շրջաններում ստեղծվել են ռազմաբազայի հենակետեր, իսկ ռուս սահմանապահների ներգրավվածությունը Հայաստանի պետական սահմանի պահպանությանը պետք է ընդլայնվեր։ Դրան հաջորդում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին առանձին հատված, որտեղ Երևանը խոստանում էր ակտիվորեն ներգրավված մնալ կառույցի աշխատանքներում։

Նույն մոտեցումը շարունակվում էր արտաքին քաղաքականության առանձին գլխում։ Ռուսաստանը երկրների շարքում առաջինն էր, և կառավարությունը հայտարարում էր, որ Հայաստանը «շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը»։ Նախատեսվում էր ակտիվացնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և խորացնել համագործակցությունը ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում։ Ռուսաստանի դերը կարևորվում էր նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

2026-2031 թվականների ծրագրի բառապաշարը սկզբունքորեն այլ է։

ՀԱՊԿ-ն անհետացել է արտաքին քաղաքականության օրակարգից

Ռուսաստանի կարգավիճակի փոփոխության հետ կապված մեկ այլ էական տարբերություն ՀԱՊԿ-ն է։

2021-ի ծրագրում կառույցը բազմիցս էր հիշատակվում։ Անվտանգության բաժնում կար «Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին» առանձին ենթաբաժին։ Կառավարությունը հայտարարում էր, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ ներգրավված լինել կազմակերպության աշխատանքներին և կատարելագործել հավաքական անվտանգության մեխանիզմները։ Արտաքին քաղաքականության գլխում էլ ՀԱՊԿ-ն անվանվում էր Հայաստանի «անվտանգային համակարգի կարևորագույն օղակ»։

Նոր ծրագրի արտաքին քաղաքականության բազմակողմ հարթակների ցանկում նշվում են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և Եվրոպական քաղաքական համայնքը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն