azatutyun.am Սամարայի մարզում Ozon-ի պահեստին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, ավելի քան 500 աշխատակիցներ տարհանվել են, հաղորդել է առցանց առևտրի ռուսաստանյան ընկերությունը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաղորդագրությունում նշվում է, որ պահեստում գտնվող ապրանքները հանվել են առցանց ցուցափեղկից: Տվյալ պահեստից առաքումները կչեղարկվեն, դրանց համար վճարված գումարները կվերադարձվեն հաճախորդներին:
Պահեստը նաև ապրանքներ չի ընդունի, դրա աշխատանքը դադարեցված է անորոշ ժամանակով:
Վերջին ավելի քան մեկ ամսում ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել առցանց առևտրի ռուսաստանյան խոշորագույն հարթակի՝ Wildberries-ի տասնյակ լոգիստիկ կենտրոնների՝ պնդելով, թե դրանք Մոսկվան օգտագործում է ռազմական մատակարարումների համար: Հարվածների հետևանքով զոհեր, վիրավորներ կան: