Կալանավորվել են 2 քննիչներին [ենթադրյալ-խմբ.] ծեծի ենթարկած ոստիկանը ու ևս 1 մեղադրյալ։ Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նախօրեին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:
Վարույթի շրջանակում ձերբակալվել էին ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:
Նշենք նաև, որ Պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Խոշտանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ ծեծի են ենթարկվել ոչ թե քննիչները, այլ ոստիկանը, և դեպքը տեղի է ունեցել վարչության պետի մասնակցությամբ: Իսկ ՔԿ-ն պնդում է, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։