Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է զեկույց պատրաստել Եկեղեցում ստեղծված «խորը, համակարգային ճգնաժամի մասին»:
Այդ մասին ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագրի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ Փաշինյանը անդրադարձավ նաև այն փաստին, որ Եկեղեցում սուրբ և անմար պատարագների ժամանակ կոչ է հղվում Աստծուն, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը:
Ըստ Փաշինյանի՝ այդպես են անում «Կտրիճ Ներսիսյանի ուղիղ հրահանգի տակ գտնվող մի շարք հոգևորականներ՝ այդպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»: Նրա խոսքով՝ դրանից հետո պատարագի ընթացքում խաղաղություն են աղաչում Աստծուց. «Աստծուն պետք չի աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել, պետք է ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար»:
Ըստ Փաշինյանի՝ սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է Ամենայն Հայոց Կաթողիկոսը «հանգստի կոչվի», բայց միակ պատճառը չէ:
«Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում առաջացած խորը, համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց նա:
Նշենք, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ի մասին խոսելիս գործածում էր նրա ավազանի անուն ազգանունը, ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հարվածում էին սեղաններին՝ արտահայտելով իրենց բողոքն այդ կապակցությամբ, իսկ ՔՊ խնբակցությունը ծափահարում էր:
Հիշեցնենք, որ Կառավարության ծրագրում առանձին գլուխ է նվիրված եկեղեցուն՝ նշումով, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։ Կառավարությունը այս գործողությունները մտադիր է իրականացնել «հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու» համար։