Հայաստանն ազատ է ՀԱՊԿ-ը լքելու որոշում կայացնելու հարցում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Փաշինյանն այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ քննարկմանը հայտարարել է. «Ես շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կազմակերպությունից. մեզ կազատի դուրս գալու-չգալու երկընտրանքից:
«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ «գոհ կլինեմ, եթե հեռացնեն»: Եթե Երևանը, իր ազգային շահից ելնելով, այլևս կարիք չունի տարածաշրջանային անվտանգության պահպանման տեսանկյունից նման կարևոր կազմակերպության անդմակացության, ազատ է համապատասխան որոշում կայացնել և լքել կազմակերպությունը»,- նշել է Պեսկովը:
Նա հիշեցրել է, որ մինչ այս մենք տարբեր մակարդակներով լսել են անդամակացության սառեցման մասին, բայց դուրս գալու վերաբերյալ հայտարարություններ հայկական կողմից չեն եղել:
«Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հայտին, դե, ես այստեղ խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի, մի շարք այլ երկրների փորձը, որոնց հայտի ներկայացման պահից արդեն անցել են տասնամյակներ, իսկ սայլը դեռ տեղից չի շարժվել»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Zvezdanews-ի հարցին։
Նշենք, որ Փաշինյանն այսօր նաև հայտնել է՝ ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չեն ակտիվացնելու. «Մենք բոլոր հարցերը տվել ենք, պատասխաններ չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր բոլոր հետաքրքրությունը սպառված են»: