azatutyun.am ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նոր նախաձեռնության մասին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները «տնտեսական գրոհ է սկսում աշխարհով մեկ Իրանի ֆինանսական կապերի դեմ»։
«Մեր նպատակն է կտրել յուրաքանչյուր տնտեսական զարկերակ, որն աջակցում է այս բռնատիրական ռեժիմին, քանի դեռ Թեհրանը լիովին մեկուսացված վիճակում չէ», – նախօրեին տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բեսենթը, որին նախորդել էր նախագահ Դոնալդ Թրամփի անցած շաբաթ հնչեցրած սպառնալիքը, որ Վաշինգտոնը կարող է ավելացնել Իրանի դեմ ճնշումը։
ԱՄՆ-ն «վերջ է դնում» Իրանից եկող սպառնալիքին, այլ ոչ թե «կառավարում», պնդել է Բեսենթը՝ զգուշացնելով երրորդ երկրներին, որ Միացյալ Նահանգները «անզիջում կլինի [իրանական] ռեժիմի ապօրինի եկամտի ցանկացած աղբյուր թիրախավորելու հարցում»։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «քարտեզագրել է այն ցանցերը, աջակիցներին և ֆինանսական ուղիները, որոնք Իրանն օգտագործում է նավթ մաքսանենգելու, պատժամիջոցները շրջանցելու և ահաբեկչությունը ֆինանսավորելու համար», – ասել է Բեսենթը։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ նախագահ Թրամփը հեռախոսազանգեր է ունենում աշխարհի տարբեր առաջնորդների հետ կոնկրետ խնդրանքներով, և յուրաքանչյուր երկրի կտրվի հստակ սահմանված ժամանակացույց՝ «դադարեցնելու մեր կողմից հայտնաբերված Իրանի հետ կապված գործունեությունը»։
Թեև նա ժամկետներ չի մանրամասնել, սակայն նշել է, որ ԱՄՆ-ի «համբերությունն անսպառ չէ»։
Ֆինանսական գերատեսչությունից նաև հայտնել են, որ բացահայտել են հինգ ոլորտ՝ թվային ակտիվներ, տեխնոլոգիաներ, ոսկի, ավիացիա և նավագնացություն, որոնք Իրանն օգտագործում է տնտեսությունն առաջ մղելու համար, և Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանում մոտ 60 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև նավերի նկատմամբ։
«Յուրաքանչյուր երկիր, որն աջակցում է Իրանին, պետք է պատրաստ լինի բախվելու ԱՄՆ պատժամիջոցներին, – ասել է նախարարը՝ հավելելով, – «իսկ իրանական ռեժիմը կանգնած է հստակ ընտրության առջև՝ խիստ համաշխարհային մեկուսացում կամ համաշխարհային տնտեսությանը վերաինտեգրվելու ուղի»։
«Մենք բոլորին պատասխանատվության ենք ենթարկելու, և այսպես մենք խեղդում ենք այս ռեժիմը», – շեշտել է Բեսենթը:
Նախորդ շաբաթ նախարար Բեսենթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները» կկիրառի՝ միաժամանակ ակնարկելով, որ տնտեսական ճնշումն ուժեղացնելու ծրագրերը նշանակում են, որ Իրանի դեմ ամերիկյան լայնածավալ ռազմական հարձակումները մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, չեն վերսկսվի։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, սակայն, չէր բացառել ռազմական ուժի կիրառումը․ «Մենք ոչ մի դեպքում չենք բացառում ռազմական հարվածների իրականացումը Հորմուզի նեղուցում կամ Իրանի շուրջ»:
Իրանի էկոնոմիկայի նախարարն էլ իր հերթին պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ Թեհրանը սպասում էր ԱՄՆ-ի կողմից կիրառվող նոր միջոցներին և «պատրաստ է և երկամյա ծրագիր ունի՝ այս իրադարձությունները կառավարելու համար»։
«Նրանք արել են հնարավոր ամեն ինչ՝ ստուգելու իրանցի ժողովրդի և երկրի պաշտոնյաների վճռականությունը, սակայն ամեն անգամ ձախողվել են։ Թվում է՝ նրանք ցանկանում էին ևս մեկ պարտություն կրել», – իր խոսքում նշել է Ալի Մադանիզադեն։
Ըստ Միջազգային տնտեսական հետազոտությունների Վիեննայի ինստիտուտի ավագ տնտեսագետ Մեհդի Ղոդսիի՝ նոր պատժամիջոցները կարող են չհանգեցնել այն քաղաքական արձագանքին, որն ակնկալում է Վաշինգտոնը։
«Կառավարությունը շատ ավելի համառ է, – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ղոդսին: «Պատերազմը սպանել է ռեժիմի ղեկավարներից շատերին և ոչնչացրել նրա ենթակառուցվածքների մեծ մասը, սակայն կառավարությունը դեռևս հավատարիմ է իր դիրքորոշմանը»։