ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են: Հակակոռուպցիոն կոմիտեից, news.am-ի հարցմանն ի պատասխան, հաստատել են տեղեկությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի տներում:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում, մեր տեղեկություններով այդ թվում՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում, «Toyota» ընկերության երևանյան գրասենյակում, «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, ինչպես նաև տնօրենների բնակարաններում
Նախօրեին խորհրդարանում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նախագծի քննարկման ժամանակ Լևոն Քոչարյանի հարցից հետո Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր: Էդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ: Դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեն ձեր երեխաները, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին… Ես Ձեզ ուղիղ ասում եմ, որ չի լինելու դա: Սա ոչ թե անձնավորված հարց է, այլ քաղաքական խնդիր է: Հատիկ-հատիկ ամեն ինչը պիտի վերադարձվի ՀՀ-ին»:
Քոչարյանն ի պատասխան նշել է. «Թե ինչը ում պետք է վերադարձվի, պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը: Երբ Դուք ասում եք՝ դու չես կարող ժառանգել, ու զուգահեռ գործ կա դատարանում, սա ուղիղ ճնշում է դատարանի վրա: Ես իմ ամեն լումայի համար էդ պատասխանը տալու եմ կամ չեմ տալու, դա դատարանում է: Բայց Դուք էստեղ դրա մասին խոսելով խախտում եք հիմնարար սկզբունքը»:
Վարչապետն էլ Նոր Կտակարանից մեջբերում է արել. ««Մի՛ դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»: Հիմա էն, ինչ Ձեզ ասեցի, այո, ես Ձեզ դատում եմ, և ես Ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»: