«Փաստ» ցանց. քաղաքական բովանդակության տեսանելիության մեծացման ենթակառուցվածքի քարտեզագրում

Ինֆոքոմի այս հետաքննությունը բացահայտում է․

  • Հայկական կայքերի մի խումբ, որոնցից յուրաքանչյուրը ներկայանում է որպես առանձին լրատվամիջոց, բայց իրականում կազմում են բովանդակության տարածման և տեսանելիության ուժեղացման փոխկապակցված ցանց։  
  • Մի քանի կայքեր, այդ թվում՝ past[.]am-ը և 1or[.]am-ը, առանձնանում են որպես ցանցի առավել կենտրոնական հանգույցներ։ 
  • Ցանցի բովանդակային հոսքերը առնչվում են ավելի լայն՝ ռուսալեզու տեղեկատվական էկոհամակարգի հետ: Կայքերը պարբերաբար մեջբերում են այնպիսի լրատվամիջոցների, ինչպիսիք են RIA Novosti-ն, Sputnik-ը, RT-ն և EADaily-ն, իսկ ցանցում հրապարակվող որոշ նյութեր հետագայում տարածվում են ռուսական լրատվամիջոցներում։  


Մեր եզրակացությունը հիմնված է ապացույցների երեք առանձին շերտերի վրա՝ համընկնող տեխնիկական ենթակառուցվածքներ, կայքերի միջև խաչաձև կապեր և նույնական կամ գրեթե նույնական քաղաքական բովանդակության բազմակի և համաժամանակյա հրապարակումներ։

 

Մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունները Հայաստանի առցանց մեդիա դաշտը հաճախ բնութագրում են որպես բևեռացված։ Ամեն օր նորություններ, մեկնաբանություններ, ժամանցային բովանդակություն և քաղաքական նյութեր են հրապարակում հարյուրավոր կայքեր, և սա առաջին հայացքից ստեղծում է բազմակարծության տպավորություն․ կան բազմաթիվ լրատվամիջոցներ և բազմաթիվ ձայներ։ 

Դրանով հանդերձ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025թ․ զեկույցն արձանագրել է, որ «մեդիան հիմնականում շարունակում է մնալ քաղաքական ուժերի և հովանավորների ազդեցության ներքո, իսկ ապատեղեկատվությունն ու ատելության խոսքը շարունակում են խորացնել հասարակության մեջ առկա բաժանարար գծերը»։  

Այդուհանդերձ, այս բևեռվածության տակ քողարկված է որոշակի կառուցվածք։

6 ամիս շարունակ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է հայալեզու կայքերի մի խումբ, որը պարբերաբար հրապարակում է քաղաքական և վերլուծական բովանդակություն՝ կառավարող ուժի նկատմամբ ընդգծված բացասական շեշտադրումներով։ Կառավարող ուժի քննադատությունն, իհարկե, հանրային քննարկման բնական և անհրաժեշտ մասն է, բայց այն դառնում է խնդիր, երբ քննադատությունը վերածվում է տարածման և տեսանելիության ուժեղացման համակարգի, երբ տարբեր կայքեր անընդհատ շրջանառում են նույն պատումները, օգտագործում  փոխկապակցված ենթակառուցվածքներ, վերահրապարակում միմյանց նյութերը և բովանդակությունը տարածում նույն ալիքներով։ 

Այս հետաքննությունը չի հավակնում բացահայտելու ուսումնասիրված կայքերի հետևում կանգնած մեկ միասնական կառավարման կենտրոն։ Այն նաև նպատակ չունի ապացուցելու, որ գոյություն ունի ուղիղ խմբագրական վերահսկողություն կայքերից յուրաքանչյուրի նկատմամբ։ Փոխարենը, այն առաջ է քաշում ավելի նեղ, բայց նաև ստուգելի հարց. արդյոք այս կայքերը գործում են որպես անկախ լրատվամիջոցնե՞ր, թե՞ բովանդակության տարածման և տեսանելիության ուժեղացման (ամպլիֆիկացիայի) համակարգի մաս են։

Այս հարցին պատասխանելու համար  ուսումնասիրել ենք հայալեզու մի խումբ կայքերի փոխկապակցվածությունը երեք առանձին չափանիշներով.

  • ենթակառուցվածքներ. արդյոք այդ կայքերը տեխնիկական, ոճային, ծառայությունների ստացման, մոնետիզացիայի մակարդակներում ունեն ընդհանրություններ կամ կապեր,
  • տեսանելիության ուժեղացման օրինաչափություններ. ինչպես են կայքերը միմյանց հղում անում կամ մեջբերում,
  • հրապարակումների համակարգվածություն. արդյոք նույն կամ նմանատիպ նյութերը համաժամանակյա կերպով հայտնվում են տարբեր կայքերում։


Այս երեք մեթոդները հիմնված են ապացույցների տարբեր տեսակների վրա։ Ենթակառուցվածքային վերլուծությունը, մասնավորապես, դիտարկում է, թե ինչպես են կայքերը ստեղծվել, գործում և սպասարկվում։ Միմյանց հետադարձ հղումների և մեջբերումների վերլուծությունը ցույց է տալիս բովանդակության շարժը կայքից կայք։ Իսկ համաժամանակյա հրապարակումների ուսումնասիրությունը բացահայտում է, թե ինչպես է բովանդակությունը տարածվում։ Ընդ որում, այս չափանիշներից մեկում հայտնաբերված համընկնումն ինքնին չի նշանակում, որ նույն օրինաչափությունը կարող է լինել նաև մյուսներում։

Այնուամենայնիվ, բոլոր երեք մոտեցումներն էլ հանգեցնում են նույն եզրակացությանը․ այս հետաքննության շրջանակում ուսումնասիրված կայքերը միմյանցից անկախ չեն գործում, այլ բովանդակության տարածման և տեսանելիության ուժեղացման փոխկապակցված ցանցի մաս են։

Ուսումնասիրված կայքերի խումբը պայմանականորեն անվանել ենք «Փաստ ցանց»՝ դրանում գործող առանցքային դերակատարներից մեկի՝ past.am-ի անունով։ 

Ինչ պնդում է անում այս հոդվածը, և ինչ պնդում չի անում

Այս հոդվածն անդրադառնում է կառուցվածքային կապերին, և կայքում հրապարակված որևէ նյութի փաստերի ստուգում չէ։

Մենք չենք բացահայտում այս հետաքննության ընթացքում կիրառված բոլոր մեթոդների տեխնիկական մանրամասները, քանի որ դա կարող է խաթարել հետագա մշտադիտարկման ընթացքը և հետաքննությունները։ Մենք նաև չենք հրապարակում հետազոտության ընթացքում հայտնաբերված բոլոր անունները կամ տեխնիկական նույնականացուցիչները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հանրային շահի տեսանկյունից, կամ երբ տվյալ տեղեկությունն արդեն հասանելի է հրապարակային ռեգիստրներում կամ հանրային այլ բաց աղբյուրներում։

Հոդվածը չի պնդում, որ ցանցում ընդգրկված բոլոր կայքերն ունեն նույն գործառույթն ու դերակատարությունը, կամ էլ, որ այդ կայքերի հրապարակած յուրաքանչյուր նյութ խնդրահարույց է։ Ցանցի կողմից տարածվող բովանդակության մի զգալի մասը հիմնված է իրական իրադարձությունների, հանրային հայտարարությունների, քաղաքական և հանրային գործիչների ելույթների և անգամ հեղինակավոր լրատվամիջոցների հետաքննությունների վրա։

Հիմնական հարցն այն է, թե ինչպես է գործում համակարգը․ ինչպես են տեղեկությունները հավաքվում, վերաձևակերպվում, բազմապատկվում և շրջանառվում փոխկապակցված կայքերի և սոցիալական մեդիայի ալիքների խիտ ցանցի միջոցով։

Թեև սոցիալական ցանցերի էջերը, ֆեյսբուքյան խմբերն ու տելեգրամյան ալիքները կարևոր դեր են խաղում տեղեկության ինտենսիվ տարածման առավել լայն գործընթացում, այս հոդվածը հիմնականում կենտրոնանում է հենց կայքերի վրա։

Ինչու է ենթակառուցվածքը կարևոր

Ազդեցության գործողությունների դեպքում բովանդակությունը պատմության միայն մի մասն է։ Ենթակառուցվածքը կարևոր է, քանի որ այն ցույց է տալիս, թե ինչպես կարող են պատումները ստեղծվել, բազմապատկվել և շրջանառվել։

Ապակողմնորոշող մեկ հոդվածը կարող է սահմանափակ ազդեցություն ունենալ։ Բայց երբ բազմաթիվ կայքեր վերցնում են նույն նյութը, վերահրապարակում այն գրեթե նույն ձևակերպումներով, ցանցի ներսում այդ նյութը փոխկապակցում հղումներով, տարածում սոցիալական մեդիայի խմբերում և զուգահեռաբար խթանում գովազդով, այն սկսում է ավելի ազդեցիկ և վստահելի երևալ, քան իրականում է։

Սա է պատճառը, որ մեր ուսումնասիրությունն անցնում է վերնագրերից այն կողմ։ 

Երբ կայքերն ունեն դիզայնի կրկնվող օրինաչափություններ, նույնանման կամ իրար մոտ տեխնիկական կարգավորումներ, գովազդային համակարգեր, հետադարձ հղումներ (backlinks), համաժամանակյա հրապարակումներ և բովանդակության տարածման նույն ուղիները, դրանք կարող են գործել ոչ այնքան որպես անկախ խմբագրական ձայներ, որքան որպես բովանդակության տարածման և տեսանելիության ուժեղացման համակարգի մասեր։

Ենթակառուցվածք. համընկնող համակարգեր տարբեր կայքերի հետևում

Մեր վերլուծության առաջին շերտը, ինչպես նշեցինք, ենթակառուցվածքն է։

«Փաստ» ցանցի ոչ բոլոր կայքերն ունեն հոսթինգի մեկ տեսանելի մատակարար կամ մեկ միասնական տեխնիկական կարգավորում։ Ենթակառուցվածքի մի մասն էլ անտեսանելի է այնպիսի ծառայությունների օգտագործման արդյունքում, ինչպիսին է, օրինակ, Cloudflare-ը (Cloudflare-ը ծառայություն է, որն օգնում է կայքերին աշխատել ավելի արագ և պաշտպանվել առցանց հարձակումներից՝ հանդես գալով որպես միջանկյալ շերտ կայքի սերվերի և այցելուների միջև)։  Ուստի, սխալ կլինի պնդել, որ բոլոր կայքերն օգտագործում են ամբողջությամբ նույնական ենթակառուցվածք։

Սակայն մեր ուսումնասիրությունը բացահայտել է կրկնվող և համընկնող ենթակառուցվածքային օրինաչափություններ։

Ցանցի մի շարք կայքեր ունեն նույնական կամ նմանատիպ տեխնիկական առանձնահատկություններ, դիզայներական լուծումներ, գովազդային համակարգեր և մշակվել են նույն վեբ ստուդիայի կողմից։ Դրանց մի մասն էլեկտրոնային նամակների շրջանառության համար օգտագործում է ռուսական էլեկտրոնային փոստի ծառայություններ, ինչը նշանակում է, որ մուտքային և ելքային հաղորդագրությունները մշակվում են այնպիսի մատակարարների միջոցով, ինչպիսիք են Yandex-ը և VK-ն։ 

Ցանցը նաև լայնորեն օգտագործում է Yandex AdFox գովազդային հարթակը՝ ցուցադրելով հայկական հայտնի ընկերությունների, այդ թվում՝ բանկերի և հեռահաղորդակցության ընկերությունների գովազդներ։

Այս համադրությունը կարևոր է։ Բանն այն է, որ հայկական ընկերությունների հետ ընթացիկ գովազդային համագործակցությունը այս կայքերին տալիս է միջին վիճակագրական լրատվական կայքի տեսք՝ օգնելով դրանց ներկայանալ որպես սովորական մեդիա-բիզնեսներ։

Մյուս տեսանելի օրինաչափությունը վերաբերում է դիզայնին։

Ցանցում ընդգրկված կայքերի զգալի մասը մշակել է նույն վեբ-դիզայներական ստուդիան։ Ցանցի հետ կապված ութ կայքեր նույն՝ sargssyan[.]com պորտֆոլիոյում են կամ ունեն չափազանց նման վիզուալ և կառուցվածքային առանձնահատկություններ՝ նմանատիպ դասավորություն (layout), նավիգացիոն համակարգեր, կրկնվող դիզայներական տարրեր և կայքերի մշակման կրկնվող ձևանմուշներ (templates)։

Կայքերի նմանատիպ layout-ի օրինակներ 

Այս նմանություններն ինքնին չեն ապացուցում, որ կա խմբագրական վերահսկողություն, բայց դրանք ցույց են տալիս, որ ցանցում գտնվող  որոշ կայքեր ստեղծվել են նույն տեխնիկական և դիզայներական ճանապարհով։ 

«Փաստ» ցանցի կայքերը՝ վեբ-դիզայներական ստուդիայի պորտֆոլիոյում

Ստորև պատկերված է նույն ենթակառուցվածքային օրինաչափությունը՝ ավելի տեսանելի ձևով։ Գործող կայքերը հանդես են գալիս որպես կենտրոնական հանգույցներ, իսկ այլևս չգործող կայքերը շարունակում են կապված մնալ ընդհանուր կառուցվածքին։ Դրանք կապող գծերը ցույց են տալիս տեխնիկական համընկնումների բազմակի դեպքեր։ Որքան հաստ է երկու հանգույցները միացնող գիծը, այնքան շատ են համընկնումները։ Արդյունքում ձևավորվում է ոչ թե միմյանցից անկախ և պատահական կայքերի ցրված հավաքածու, այլ միավորված ցանց՝ մի քանի ակնհայտ կենտրոնական հենակետերով, որոնց թվում են past[.]am-ը, 1or[.]am-ը, pressmedia[.]am-ը և orer[.]am-ը։

Ցանցի կայքերի ենթակառուցվածքային նմանություններն ու տեխնիկական համընկնումները


Խնդրում ենք մի փոքր սպասել․ տվյալների ծավալը մեծ է, և դրանց բեռնումը կարող է պահանջել մինչև 1 րոպե ժամանակ

Գործող կայքերը՝ կապույտով, չգործողները՝ կարմիրով

Այլ կերպ ասած, ապացույցների առաջին շերտը ցույց է տալիս, որ այս կայքերը փոխկապակցված են իրենց կառուցվածքի, սպասարկման և մոնետիզացման ձևերով։

Ազդեցության ուժեղացում (ամպլիֆիկացիա). ինչպես են կայքերը հղում անում միմյանց

Մեր ուսումնասիրության երկրորդ շերտը վերլուծում է բովանդակության շրջանառությունը։ 

Ցանցի տասը ակտիվ կայքերի համար մենք վերլուծել ենք դրանց dofollow հետադարձ հղումները՝ պարզելու, թե որ դոմեյններից են դրանք հղումներ ստանում։ Այս հղումները այլ կայքերից եկող հղումներ են, որոնք որոնողական համակարգերը կարող են հաշվի առնել որպես կայքերի համապատասխանության կամ հեղինակության ազդանշաններ։ 

Հասանելի հետադարձ հղումների տվյալները սկսվում են 2016-2017 թվականներից, ուստի չեն արտացոլում ցանցի ամբողջ պատմությունը։ Բայց անգամ այս սահմանափակման պայմաններում օրինաչափությունը հստակ է։

Ցանցում ընդգրկված կայքերն ակտիվորեն փոխադարձ հղումներ են կատարում։

Ցանցի կայքերի փոխադարձ հղումները և փոխազդեցությունը այլ կայքերի հետ|2016 - 2026 թթ.

Խնդրում ենք մի փոքր սպասել․ տվյալների ծավալը մեծ է, և դրանց բեռնումը կարող է պահանջել մինչև 1 րոպե ժամանակ

Միմյանց հղում տվող դոմեյնների գրաֆում յուրաքանչյուր սլաք ցույց է տալիս, թե որ կայքն է հղում կատարում մյուսին։ Սլաքի հաստությունն արտացոլում է հղումների քանակը։ Արդյունքում երևում է ներքին ինտենսիվ տարածման խիտ կառուցվածք, որտեղ որոշ կայքեր հանդես են գալիս որպես կենտրոնական հանգույցներ, իսկ մյուսները պարբերաբար հղում են կատարում դրանց։

Ամենաուշագրավը, օրինակը, past[.]am-ն է։ Համաձայն միմյանց հղում կատարող դոմեյնների տվյալների, որը ստացել ենք ahrefs.com-ի միջոցով, orer[.]am-ը 2016 թվականից հետո past[.]am-ին հղում է կատարել 62 402 անգամ (օրական միջինում 16 հղում)։ Ցանցի այլ կայքեր ևս հաճախակի են հղումներ կատարում  past[.]am-ին և 1or[.]am-ին։ Սա ցույց է տալիս, որ past[.]am-ը և 1or[.]am-ը ցանցի կենտրոնական աղբյուրներն են կամ միջանկյալ փոխանցող կետերը։

Տարածվող բովանդակությունը, սակայն, միշտ չէ, որ քաղաքական է։ Որոշ հղումներ տանում են դեպի ժամանցային կամ կենսակերպին վերաբերող նյութերի։  Այսինքն՝ ցանցը չի գործում բացառապես ուղիղ քաղաքական ուղերձներ փոխանցելու նպատակով։ Այն ունի նաև ընթացիկ լրահոս՝ նորություններ, մեծ տարածում ստացած պատմություններ, ժամանցային և այլ ոլորտներին վերաբերող նյութեր, ինչը նպատում է կայք այցելությունների և տեսանելիության պահպանմանը։

Մեր ուսումնասիրության մեջ առանձնանում է shabat[.]am կայքը։ Ցանցի մի շարք կայքեր ակտիվորեն հղում են կատարում դրան, մինչդեռ shabat[.]am-ը հազվադեպ է հղվում ցանցի քաղաքական լրահոսին։ Քանի որ դրա դերը էապես տարբերվում է մյուսներից, մենք այն դուրս ենք բերել հետագա վերլուծությունից։

Միմյանց հղում կատարող դոմեյնների վերաբերյալ տվյալները հաստատում են մեր եռանկյունու երկրորդ բաղադրիչը․ կայքերը ոչ միայն տեխնիկական առումով են նման միմյանց, այլ նաև ներքին հղումների միջոցով բավանդակության շրջանառման  օրինաչափություններով։

Ռուսական պատումների ալիքներ. մուտքային և ելքային ամպլիֆիկացիա

Տեսանելիության ուժեղացման օրինաչափությունները չեն սահմանափակվում միայն ցանցի ներսում։

Հետադարձ և փոխադարձ հղումների ուսումնասիրության ընթացքում պարզել ենք, որ «Փաստ» ցանցի կայքերի բովանդակային հոսքերը առնչվում են ռուսալեզու տեղեկատվական ավելի լայն համակարգի հետ։ Ռուսական պետական կամ կրեմլամերձ որոշ լրատվամիջոցներ և ագրեգատորներ ժամանակ առ ժամանակ հղում են կատարել ցանցի նյութերին։ Միևնույն ժամանակ, ցանցի կայքերն իրենք էլ հաճախ հղում են անում ռուսական լրատվամիջոցներին։

Այս կապերն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար ընտրել ենք ռուսական չորս մեդիա՝ sputniknews[.]ru, eadaily[.]com, rt[.]com և ria[.]ru։ Դրանցից երկուսը ներառել ենք մեր ուսումնասիրության մեջ, քանի որ աչքի են ընկել փոխադարձ հղում տվող դոմեյնների վերլուծության ընթացքում, իսկ մյուս երկուսը՝ հաշվի առնելով նրանց նշանակալի դերակատարումը ռուսական պետական և մերձկրեմլյան մեդիա միջավայրում։

Այսպիսով, մենք ստուգել ենք, թե «Փաստ» ցանցի կայքերն ինչ հաճախականությամբ են հղում կատարում այս աղբյուրներին։

Արդյունքները ցույց են տվել կայուն օրինաչափություն․ վերլուծության այս հատվածում ներառված բոլոր ինը կայքերը հղում են կատարել նշված բոլոր չորս ռուսական լրատվամիջոցներին, թեև ոչ նույն հաճախականությամբ։ Չորս աղբյուրներից ամենահաճախ հիշատակվողը ria[.]ru-ն է։ «Սպուտնիկի» հայկական ծառայությունը նույնպես պարբերաբար հղվել են ցանցի տարբեր կայքեր։

Ցանցի կայքերի հղումները ռուսական լրատվամիջոցներին|2016 - 2026 թթ.

Խնդրում ենք մի փոքր սպասել․ տվյալների ծավալը մեծ է, և դրանց բեռնումը կարող է պահանջել մինչև 1 րոպե ժամանակ

Այս հղումների հաճախականությունն ու բաշխվածությունը ցույց են տալիս, որ «Փաստ» ցանցի կայքերը ինտենսիվ անդրադառնում են ռուսական պետական և մերձկրեմլյան մեդիա աղբյուրներում շրջանառվող նյութերին։ Սա ինքնին չի նշանակում, որ այդ կայքերը տարածում են այդ աղբյուրների բոլոր ուղերձները, սակայն ցույց է տալիս, որ դրանք կարող են նպաստել ռուսական տեղեկատվական դաշտում ձևավորված որոշ պատումների տարածմանը հայկական տեղեկատվական միջավայրում։ 

Հայկական այլ լրատվամիջոցների և փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունների նախորդ հետաքննությունները նույնպես ցույց են տալիս, թե ինչպես են նարատիվները ներթափանցում հայկական տեղեկատվական դաշտ։ Օրինակ՝ FIP.am-ը նախկինում փաստագրել է Հայաստանում թմրամիջոցների թեստավորման վերաբերյալ կեղծ պատմության տարածումը, ընդ որում՝ այն վերահրապարակել էր 1or[.]amը, որն այս ցանցի առանցքային կայքերից մեկն է։  

Այլ օրինակներ էլ ցույց են տալիս, թե ինչպես են Russiya Today-ի կողմից ստեղծված պատմությունները հայտնվում ցանցի տարբեր կայքերում։

Ինչպես են ցանցի կայքերը հղում կատարում Russia Today-ի նյութերին

«Փաստ» ցանց. ինչպես են մի խումբ հայկական կայքեր տարածում քաղաքական նարատիվներ

Օրինակ, թե ինչպես են ցանցի կայքերը լրացուցիչ տեսանելիություն և տարածում ստանում ռուսական քարոզչական աղբյուրների միջոցով։

Սա ձևավորում է երկկողմանի տարածման ալիք։ Ռուսական պատումները ներթափանցում են ցանց, իսկ ցանցում ստեղծված կամ տարածված նյութերը կարող են դուրս գալ նաև ռուսալեզու տեղեկատվական տարածքներ։

Ինչպես են ռուսական նարատիվները մուտք գործում ցանցի կայքեր 

Մեկ այլ օրինակ, թե ինչպես է ռուսական կայքերի բովանդակությունը մուտք գործում ցանցի կայքեր։ Այս օրինակը ցույց է տալիս, որ դրանք տարածվում են անգամ մեր սահմանած ցանցից դուրս։ Այս դեպքում rt[.]com-ին առաջինը հղվել է past[.]am-ը, իսկ 14 րոպե հետո՝ hayeli[.]am-ը։ 

Եվս մեկ օրինակ, թե ինչպես է ռուսական մեդիաբովանդակությունը թափանցում ցանցի կայքեր և դրանից դուրս. այս դեպքում՝ 168[.]am-ը վերահրապարակել է eadaily[.]com-ի նյութը, իսկ նրանցից 27 րոպե հետո դա արել է past[.]am-ը։

 

Սա ինքնին «Փաստ» ցանցի ներսում համակարգման ապացույց չէ։ Այնուամենայնիվ, ռուսական մեդիամիջավայրի հետ կապը կարևոր լրացուցիչ եզրակացություն է. այն ցույց է տալիս, որ ցանցը մեկուսացված չէ Հայաստանի ներքին մեդիա միջավայրում, և հնարավոր է՝ չի սահմանափակվում միայն համընկնող ենթակառուցվածքներով։

Համակարգված հրապարակումներ. նույն նյութերը, ձևակերպումները և հրապարակման նույն ժամանակը

Վերլուծության երրորդ շերտը հրապարակումների «վարքագիծն» է։ Այստեղ օրինաչափությունները ավելի տեսանելի են դառնում. նույնական կամ գրեթե նույնական հոդվածներ հայտնվում են տարբեր կայքերում, հաճախ նույն օրը, նմանատիպ ձևակերպումներով և տարածման տրամաբանությամբ։

Այս վարքագիծը չի սահմանափակվում մեկ կամ երկու օրինակով. սա կրկնվող օրինաչափություն է։

«Փաստ» ցանցի կայքերը հրապարակում և վերահրապարակում են նույն քաղաքական նյութերը, օգտագործում են նմանատիպ վերնագրեր և ձևակերպումներ, և միևնույն բովանդակությունը տարածում են տարբեր կայքերով։ Որոշ դեպքերում համակարգային բնույթը տեսանելի է ժամային համընկնման միջոցով. նույն կամ գրեթե նույնաբովանդակ նյութը նույն օրը հայտնվում է երկու կամ ավելի կայքերում։

Ինչպես են նույնական նյութերը միևնույն օրը` րոպեների ընթացքում, տարածվում «Փաստ» ցանցի տարբեր կայքերով

Սա կարևոր է, քանի որ ժամանակային համընկնումներն ավելի դժվար է բացատրել որպես պատահականություն, հատկապես, երբ դրանք համադրվում են այլ փաստերի հետ։

Եթե երկու կայք օգտագործում են նմանատիպ ենթակառուցվածքներ, դա կարող է լինել բիզնես կամ տեխնիկական որոշման արդյունք։ Եթե դրանք հղում են անում միմյանց, դա կարող է լինել մեդիա դաշտում տեղեկության բնական շրջանառության մաս։ Եթե դրանք միաժամանակ հրապարակում են նույն քաղաքական բովանդակությունը, դա նույնպես առանձին դեպքերում կարող է բացատրություն ունենալ։

Սակայն երբ այս երեք օրինաչափությունները հայտնվում են միաժամանակ՝ ընդհանուր ենթակառուցվածքներ, ինտենսիվ փոխադարձ հղումներ և համաժամանակյա հրապարակումներ, պատահականության վարկածը դառնում է պակաս համոզիչ։

Ներկայացված փաստերի արդյունքում ձևավորված եզրակացությունները չեն պնդում, որ յուրաքանչյուր հոդված կենտրոնացված հանձնարարականի արդյունք է, կամ որ յուրաքանչյուր կայք ուղղակիորեն վերահսկվում է նույն անձի կողմից։ Հայտնաբերված օրինաչափությունները հուշում են աշխատանքի որոշակի համակարգված բնույթի մասին։  

Այս կայքերը գործում են միմյանց ազդեցությունն ուժեղացնելու համար։ Դրանք մեծացնում են միմյանց տեսանելիությունը, վերարտադրում ու ամրապնդում են միմյանց ուղերձները և օգնում, որ ընտրված պատումները տեղեկատվական դաշտում պահպանվեն առավել երկար։

Անձերի և սեփականատերերի կապեր

Ցանցում կապերը, սակայն միայն տեխնիկական չեն։

Դոմեյնների գրանցման տվյալների համաձայն՝ past[.]am կայքը փոխկապակցված է Վարուժան Բաբաջանյանի հետ, որը մի քանի անգամ մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին՝ առաջադրվելով Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված քաղաքական նախաձեռնությունների ցուցակներով։ 

Բացի past[.]am-ից՝ pressmedia[.]am-ը և orer[.]am-ի գրանցման տվյալներում ևս նշվում է Վարուժան Բաբաջանյանի անունը։ 

Ըստ Հետքի «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» նախաձեռնության Բաբաջանյանը կապ ունի նույն ցանցի մեջ մտնող ևս մեկ կայքի՝ oratert[.]am-ի հետ։

«Փաստ» ցանց. ինչպես են մի խումբ հայկական կայքեր տարածում քաղաքական նարատիվներ

Սա, իհարկե, չի նշանակում, որ ամբողջ համակարգը բացատրվում է միայն ընդհանուր սեփականությամբ կամ անձնական կապերով։ Այնուամենայնիվ, դրանք լրացուցիչ շերտ են ավելացնում ընդհանուր պատկերին։ Ենթակառուցվածքային ընդհանրությունների, փոխադարձ հղումների, հրապարակումների ժամանակային համընկնումների և բովանդակության տարածման ուղիների հետ միասին, այս անձնային և սեփականատերերի կապերը ևս ամրապնդում են այն եզրահանգումը, որ մենք գործ չունենք լրատվամիջոցների պատահական խմբի հետ։

«Ինֆոքոմ»-ը զրուցել է Վարուժան Բաբաջանյանի հետ՝ ճշտելու՝ ինչ առնչություն ունի նա վերը թվարկված կայքերի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ոչ միայն past[.]am-ի, orer.[]am-ի, pressmedia[.]am-ի և oratert[.]am-ի, այլ նաև դրանց հետ կապվող 1or[.]am, press24[.]am, oragir[.]live, armenia24[.]live, lraber[.]online, newsarm[.]live կայքերի գրանցողն ու սեփականատերն է։ Բացառություն է միայն lurer[.]com-ը․ Բաբաջանյանը նշեց, որ պարզապես ժամանակին այնտեղ աշխատել է որպես խմբագիր։

Կայքերի այս բազմազանության նպատակը, ըստ Բաբաջանյանի, պայմանավորված է գովազդի տարածմամբ՝ ֆինանսական եկամուտները ապահովելու նպատակով․

«Կայքերի իմաստը սկանդալային կամ կեղծ լուրեր տարածելը չէ, մենք դրա կարիքը չունենք։ Ամեն կայք ունի նաև իր օգտահաշիվները տարբեր սոցիալական ցանցերում, դրանցից ամեն մեկն իր հրապարակումները ռեպոստ (վերաթողարկում,-խմբ․) անելու համար է։ Մենք դրանով նաև հաշվարկում ենք, թե աշխատակիցը ինչքան է կարողացել գովազդի միջոցով բյուջե բերել։ Այդ կայքերի ու դրանց սոցիալական ցանցերի միջոցով նաև տրաֆիկ է գալիս, և գովազդից այդ կայքերը ֆինանսավորում են ստանում»:

«Փաստ» ցանց. ինչպես են մի խումբ հայկական կայքեր տարածում քաղաքական նարատիվներ

Վարուժան Բաբաջանյանը, լուսանկարը՝ վերջինիս ֆեյսբուքյան էջից

Նրան պատկանող բոլոր կայքերի «մայրը» «Փաստ» օրաթերթն է․ նյութերը պատրաստվում են խմբագրությունում, տպվում թերթում, ապա հրապարակվում ինչպես past[.]am-ում, այնպես էլ վերահրապարակվում մյուս կայքերում ու տարածվում սոցիալական մեդիայում։

««Փաստ» օրաթերթը մեր նյութերի գեներատորն է։ Այն նյութերը, որոնք թերթով տպվել են, տիրաժավորվում են past[.]am-ում և մյուս կայքերում, այն նյութերը, որոնք չեն տպվում, որովհետև թերթը ֆիզիկական ծավալ ունի՝ ամբողջը հնարավոր չէ տպել, բաշխվում են կայքերի մեջ»,- մանրամասնեց Բաբաջանյանը։ 

Անդրադառնալով ռուսական РИА Новости, Sputnik, RT և EADaily լրատվամիջոցներին կատարված հղումներին՝ Բաբաջանյանը վստահեցրեց, որ ռուսական այս կայքերի հետ որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական համագործակցություն առկա չէ։ Հարցին՝ իսկ ինչո՞վ են պայմանավորված փոխադարձ վերահրապարակումները, մեր զրուցակիցը մեկնաբանեց, որ «Փաստ»-ը միջազգային լուրերի բաժին ունի թերթում, որտեղ տպվում են Հայաստանի մասին արտասահմանյան մամուլում հրապարակված լուրեր, և հավանաբար այդ կայքերն էլ հետաքրքրվում են հայաստանյան օրաթերթի հրապարակումներով ու թարգմանում դրանք․

«Մենք թերթում ունենք 7-րդ էջ՝ «Արտասահմանյան մամուլը Հայաստանի մասին», որտեղ ամեն օր տպում ենք, թե էդ օրը կայքերը ինչ են հրապարակել Հայաստանի մասին։ Հասկանալի է, որ Ռուսաստանում օբյեկտիվ պատճառներով ավելի շատ կոնտենտ է ձևավորվում Հայաստանի վերաբերյալ։ Բայց որևէ ֆիզիկական, ֆինանսական կապ դրանց հետ չունենք»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ միջազգային մամուլի նյութերի ընտրության վերաբերյալ նաև թողարկողի նկատմամբ չկա որևէ ուղղորդում։

Ինչ վերաբերում է կայքերի ֆինանսավորմանը, Վարուժան Բաբաջանյանը հայտնեց, որ գովազդները տեղադրում են պայմանագրերի հիման վրա, և դրանց ակտիվ տարածումը «Փաստ»-ին ինքնաբավության մեծ հնարավորություն է տալիս։ Բացի դրանից, նրանք մատուցում են նաև այլ ծառայություններ, ինչպես, օրինակ, ինչ-որ կազմակերպությունների համար մշտադիտարկում կամ ֆոտո-վիդեո նկարահանում, ռեպորտաժների պատրաստում և այլն։ 

Սոցիալական մեդիան՝ որպես հաջորդ շերտ

Թեև այս հոդվածը հիմնականում կենտրոնանում է կայքերի վրա, ազդեցության ուժեղացման գործընթացը շարունակվում է նաև սոցիալական մեդիայում։

Ցանցի բազմաթիվ կայքեր ունեն իրենց հետ փոխկապակցված ֆեյսբուքյան խմբեր, էջեր կամ տելեգրամյան ալիքներ։ 

Այս օրինաչափությունը բացահայտվել է նաև DFRLab-ի՝ Հայաստանի և Ուկրաինայի վերաբերյալ նախկինում արված հետազոտությունում, որտեղ այլ ցանցերի օրինակով ցույց են տվել, թե ինչպես կարող են կայքերն ու սոցիալական մեդիայի համայնքները համատեղ աշխատել քաղաքական նարատիվների ազդեցության ուժեղացման համար։

«Փաստ» ցանցի դեպքում կայքերը, կարծես, ծառայում են որպես հրապարակումների և հղումների հիմնական հարթակներ, մինչդեռ սոցիալական մեդիայի ալիքները նպաստում են նյութերի հետագա տարածմանը, ինչը համակարգն ավելի դիմացկուն է դարձնում։ Նույնիսկ եթե որևէ կայք դադարի գործել, դրա շուրջ ձևավորված տարածման ալիքները կարող են շարունակել պահպանել և տարածել նույն պատումները։

Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու նման ցանցերը պետք է դիտարկվեն որպես ամբողջական համակարգեր, այլ ոչ թե առանձին գործող լրատվամիջոցներ։

Ինչու է սա կարևոր

«Փաստ» ցանցը ցույց է տալիս, թե ինչպես քաղաքական բովանդակության ստեղծման, տարածման և տեսանելիության ուժեղացման մեխանիզմները կարող են վերածվել կայուն տեղեկատվական ենթակառուցվածքի։ 

Միայն մեկ խնդրահարույց հոդվածը կամ հարթակն իրենով այդքան վտանգավոր չէ։ Ավելի մեծ վտանգը գալիս է կրկնությունից, մասշտաբից և համակարգված բնույթից։ Երբ բազմաթիվ կայքեր ամրապնդում են նույն ուղերձը, հղում են անում միմյանց, հրապարակում են նույնական նյութեր և օգտագործում են համընկնող ենթակառուցվածքներ, հանրությունը տեսնում է ոչ թե մեկ պնդում, այլ դրա բազմակի հաստատում։

Այդպիսի «հաստատումների ալիքը» կարող է խեղաթյուրել հանրային քննարկումների գործընթացը։

Խնդրահարույց հրապարակումները սովորաբար տարածվում են ավելի արագ, քան դրանց հերքումները։ Պատասխանատվության սահմանումը դառնում է ավելի դժվար։ Առանձին կայքեր կարող են անհետանալ կամ դադարել գործել, մինչդեռ համակարգը շարունակում է գոյություն ունենալ այլ դոմենների, էջերի, խմբերի և ալիքների միջոցով։

Հենց այդ պատճառով միայն բովանդակության ուսումնասիրությունը բավարար չէ։ Տեղեկատվության ուժեղացման համակարգը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ այն ուղիները, որոնցով տեղեկատվությունը շարժվում և տարածվում է։

Այս հետաքննության ընթացքում հավաքված ապացույցները մատնանշում են հստակ օրինաչափություն։ Այստեղ ուսումնասիրված կայքերը փոխկապակցված են կրկնվող ենթակառուցվածքային առանձնահատկություններով, ներքին խիտ ամպլիֆիկացիայով և հրապարակումների համաժամանակյա վարքագծով։ Ապացույցների այս երեք անկախ ուղղությունները հանգեցնում են նույն եզրակացությանը․ «Փաստ» ցանցը գործում է ոչ թե որպես ընդդիմադիր ուղղվածություն ունեցող կայքերի թույլ կապակցված խումբ, այլ որպես ազդեցության ուժեղացման փոխկապակցված մեխանիզմ։

Քանի որ Հայաստանի տեղեկատվական միջավայրը զգայուն է, նման համակարգերի մշտադիտարկումը դառնում է առանձնակի կարևոր։ Հարցը միայն այն չէ, թե ինչ պատումներ են տարածվում, այլ նաև՝ ինչպես են դրանք ստեղծվում, ուղղորդվում, բազմապատկվում և ներկայացվում որպես իրականից ավելի լայն տարածում ունեցող երևույթներ։

Այս հոդվածը հայկական կայքերի ցանցերի ուսումնասիրությանը նվիրված հետաքննությունների շարքի առաջին հրապարակումն է, և Infocom-ն առաջիկայում շարունակելու է համանման համակարգերի ուսումնասիրությունները։