Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն | factor.am

Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն

ՆԳՆ-ից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի 48-ամյա բնակիչն ու Էջմիածնի 38-ամյա բնակիչ ընկերը, օգտվելով հարսանյաց հանդեսի մասնակցելու մեկնած անձանց բացակայությունից, մայրաքաղաքում և հարակից տարածքներում բնակարանային գողություններ են կատարում։

Կասկածյալներին հանցագործության պահին բռնելու նպատակով ոստիկանները միջոցառումներ են իրականացրել Քրեական ոստիկանության Արարատի և Արագածոտնի մարզային վարչությունների գործընկերների հետ։

Օգոստոսի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի ցուցանակի մոտ իրավապահները նկատել են կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին եղել է 38-ամյա էջմիածինցին։ Մոտ 20 րոպե անց տղամարդը մեքենան վարել է Աշտարակի ուղղությամբ։

Ոստիկանները մեքենան վերցրել են հսկողության տակ։ Ավելի ուշ՝ «Ֆոլքսվագենի» կայանման վայրից մոտ 400 մետր հեռավորության վրա, Կարբի գյուղի տներից մեկի բակից դուրս գալու պահին՝ ժամը 23:25-ին, ձերբակալվել է Նոր Արմավիր գյուղի 48-ամյա բնակիչը։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկեգույն թևնոց։

Ժամը 23:55-ին ձերբակալվել է նաև 38-ամյա էջմիածինցին։ Նրա վարած մեքենան տեղափոխվել և կնիքվել է Քրեական ոստիկանության Արագածոտնի վարչության տարածքում։

Պարզվել է, որ Կարբի գյուղի տվյալ տան բնակիչները այդ պահին հարսանեկան արարողության էին մասնակցում հանդիսությունների սրահում։ Ավելի ուշ տանտերը հրավիրվել է ոստիկանություն և հայտնել, որ տուն վերադառնալուց հետո նկատել է՝ պատուհանները բաց են, իսկ տան ներսում ամեն ինչ տակնուվրա է արված։ Պահարանի վրա դրված զարդատուփից էլ բացակայել է ոսկեգույն թևնոցը։

Ձերբակալված տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Հետագա միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ նրանք կատարել են ևս 5 նմանատիպ բնակարանային գողություն։

48-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նա կալանավորված է։

Նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն