ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը | 1lurer.am

ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են ««Խաղաղության խաչմերուկի» թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Միջոցառման ընթացքում ՀՀ բարձրաստճան պաշտոնյաների և միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության թվային էկոհամակարգի զարգացման հեռանկարները, արհեստական բանականության կիրառումը, թվային ենթակառուցվածքների զարգացումը, կիբեռֆիզիկական անվտանգությունը, մարդկային կապիտալի զարգացումը և ժամանակակից ենթակառուցվածքային համակարգերի կառավարումը։

«Կիբեռֆիզիկական անվտանգություն և սահմանների կառավարում» թեմայի շուրջ անցկացված քննարկմանը, որպես բանախոսներ հանդես են եկել նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը և «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի կիբեռանվտանգության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Ասլանյանը։

Քննարկմանը կարևորվել են թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության նոր հնարավորությունները՝ սահմանների կառավարման, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ կապակցվածության ապահովման համար։ Այս համատեքստում Արտեմ Կարապետյանն իր խոսքում ընդգծել է ազգային և տնտեսական անվտանգության ապահովումը, ինչպես նաև արդյունավետ մաքսային հսկողության և քաղաքացիների սպասարկման բարձր որակի կարևորությունը։ Կարևորվել է մաքսային համակարգի լայնածավալ վերազինումն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը՝ սահմանային մաքսային անցակետերում ռիսկերի կառավարման և գնահատման, գործիքակազմի թվայնացման ու հսկողության գործընթացների արդյունավետության բարձրացման համար։

Անդրադարձ է եղել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի գործունեությանը, նախնական հայտարարագրման գործընթացին, նավիգացիոն կապարակնիքների կիրառման հնարավորություններին և ապրանքների ավտոմատ բացթողնման համակարգին։ Առանձնակի կարևորվել են մաքսային համակարգերի ամբողջական թվայնացումը և արհեստական բանականության գործիքների կիրառումը՝ մարդկային շփումների և գործընթացների ժամանակատարության նվազեցման, աննկատ, արագ սպասարկում ապահովելու և առավել արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով։

Միաժամանակ, քննարկվել է կիբեռֆիզիկական համակարգերի անվտանգության, տվյալների պաշտպանության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական մասնավոր հատվածների և միջազգային համագործակցության կարևորությունը՝ անվտանգ արդյունավետ և դիմակայուն սահմանային ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Արտյոմ Ասլանյանն անդրադարձել է Կոմիտեում արհեստական բանականության գործիքների ներդրման գործընթացին, մասնավորապես դրանց կիրառմամբ մաքսային ոլորտում նոր համակարգերի ներդրմանը՝ ընդգծելով տեղեկատվության կիբեռանվտանգության, համակարգերի պաշտպանության և տվյալների գաղտնիության ապահովումը։ Այս ենթատեքստում կարևորվել են նաև ՊԵԿ աշխատակիցների, թվային հմտությունների կատարելագործման նպատակով շարունակական կրթությունն ու վերապատրաստումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն