Մայր Աթոռը խստորեն դատապարտել է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների անցկացումը | iravaban.net

Մայր Աթոռը խստորեն դատապարտել է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների անցկացումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները։ Հովհաննավանքի բռնազավթված լինելու իրողությունը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաև վիրավորում են հավատացելոց բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով ու խորհրդակատարություններով մոլորության մեջ գցելով բարեպաշտ այցելուներին։

Անթույլատրելի նկատելով այս երևույթները՝ Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պատկան պետական մարմիններին՝ զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն